Jump to content

ՀՍՀ/«ԼԵՆԻՆ ՓԱՇԱ»

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից

«ԼԵՆԻՆ ՓԱՇԱ», ժողովրդական վիպերգ. 1934-ին գրառել է բանահավաք Գեղամ Թարվերդյանը (Վերդի) Արևմտյան Հայաստանի խիզանի շրջանի Խակե գյուղի նախկին բնակիչ գզրար Գաբո Բարձումյանից: Վերջինս վիպերգը սովորել է 1922—1924-ին ուստա Սեփոյից, որը նույնպես ծագումով Խիզանի շրջանից է: Ըստ բանասացի՝ ուստա Սեփոն «Լ. Փ.»ի հորինողն է: Վիպերգն առաջին անգամ հրատարակվել է 1936-ին, «Լենինը հայ ֆոլկլորի մեջ» ժողովածուում: Նույնը ռուս, լույս է տեսել Կ. Մելիք-Օհանջանյանի տողացի թարգմանությամբ 1936-ին, «Советский фольклор» ժողովածուի 4—5 հատորներում: Այն ունի նաև գրական մշակումներ (Սարմեն, «Լենին հսկան», Հ. Շիրագ, «Լենին Դյուցազնի կռիվը»): «Լ. Փ.» վիպերգը հյուսվել է 1920-ական թթ. Հոկտեմբերյան հեղափոխության և Հայաստանում քաղ. կռիվների անմիջական ազդեցությամբ: Վիպերգի լեզուն Մոկաց և Խիզանի խառը բարբառն է: Լենինը պատկերված է դյուցազնական-հերոսական գծերով: Ժող. ըմբռնմամբ Լենինի կերպարում ամբողջացած է բոլշևիկյան կուսակցությունը, նա գլխավորում է ժողովրդի դասակարգային կռիվը՝ հին աշխարհը «շուռ տալու» և նոր հասարակարգ ստեղծելու համար:

Գրկ. Լենինը ֆոլկլորի մեջ, Ե., 1936: Նազինյան Ա., Սովետահայ ժողովրդական բանահյուսությունը, Ե., 1957, էջ 45—69: Գրիգորյան Գ., Սովետահայ վիպերգերն ու պատմական երգային բանահյուսությունը,

Ե., 1965, էջ 40—97: