ՀՍՀ/«ԼՈՌՎԱ ԳՅՈՒՂԱՑԻՈՒԹՅԱՆ ՁԱՅՆԸ»
«ԼՈՌՎԱ ԳՅՈՒՂԱՑԻՈՒԹՅԱՆ ՁԱՅՆԸ», հասարակական-քաղաքական երկշաբաթաթերթ: Լոռու բոլշևիկյան կազմակերպությունների և Գյուղացիական միության օրգան: Լույս է տեսել 1920-ին, Լոռու «Չեզոք գոտում» (տպագրվել է Երեվանում): Խմբագիր-հրատարակիչ՝ Մ. Երզնկյան: Լուսաբանել է բոլշևիկյան կուսակցության ագրարային քաղաքականությունը, քննադատել Լոռիում հողային հարցի դրվածքը, տպագրել հողի մասին լենինյան դեկրետը: Կոչ է արել աշխատավորությանը ակտիվորեն մասնակցել հասարակական կյանքին, ստեղծել ժող. տներ, գյուղացիական ակումբներ, ընթերցարան-գրադարաններ: Լուրեր է հաղորդել կարմիր բանակի Կովկասյան ճակատում ձեռք բերած հաջողությունների մասին, ողջունել նրանց առաջխաղացումը Անդրկովկաս, քննադատել դաշնակների և վրաց մենշևիկների գործունեությունը, պրոպագանդել անդրկովկասյան ժողովուրդների բարեկամությունը:
