Jump to content

ՀՍՀ/«ԼՈՒԻ ԲՈՆԱՊԱՐՏԻ ԲՐՅՈՒՄԵՐԻ ՏԱՍՆՈՒԹԸ»

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից

«ԼՈՒԻ ԲՈՆԱՊԱՐՏԻ ԲՐՅՈՒՄԵՐԻ ՏԱՍՆՈՒԹԸ», Կ. Մարքսի աշխատությունը, որտեղ Ֆրանսիայի 1848—1851-ի դասակարգային պայքարի փորձի հիման վրա զարգացվում են պատմական մատերիալիզմի և պրոլետարիատի դասակարգային պայքարի տակտիկայի ու տեսության կարեվոր դրույթները: Գրվել է Լոնդոնում, 1851-ի դեկտեմբեր —1852-ի մարտին, հրատարակվել 1852-ի մայիսին, Նյու Յորքում: «Լ. Բ. Բ. տ.»ում Մարքսը շարունակում է Ֆրանսիայի 1848-ի հեղափոխության պատմության վերլուծումը, որն սկսել էր իր նախորդ՝ «Դասակարգային պայքարը Ֆրանսիայում 1848-ից մինչև 1850 թվականը» աշխատության մեջ, տալիս է հեղափոխության պատմության հստակ պարբերացումը, քննում հեղափոխական տարիների Ֆրանսիայի քաղ. կյանքի ելևէջները նրանց վերջնական արդյունքի, բոնապարտյան հեղաշրջման լույսի տակ: Ցույց տալով, որ բոնապարտիզմը բուրժուազիայի առավել հակահեղափոխական տարրերի դիկտատուրան է, Մարքսը բացահայտել է նրա հատկանշական գծերը: Մարքսը մեծ ուշադրություն է նվիրել այդ տարիների Ֆրանսիայի ամենաբազմամարդ դասակարգին՝ գյուղացիությանը, բացահայտել նրա երկակի սոցիալական էությունը (պահպանողական ձգտումների հետ հեղափոխական միտումներ): Նշելով, որ հեղափոխությունը հասարակական պրոցեսների հզոր արագացուցիչն է, Մարքսը ցույց է տալիս բուրժ. և պրոլետարական հեղափոխությունների միջև եղած էական տարբերությունները: 1848—49-ի հեղափոխությունների փորձի հիման վրա Մարքսն առաջ է քաշում հաղթանակած պրոլետարիատի կողմից հին պետական մեքենան ջարդելու գաղափարը: «Բոլոր հեղաշրջումները կատարելագործում էին այդ մեքենան,—գրել է Մարքսը,—փոխանակ ջարդելու այն») (նույն տեղում, էջ 651): Այս եզրակացությունը Վ. Ի. Լենինը համարել է պետության մասին մարքսիզմի ուսմունքում գլխավորը, հիմնականը: «Լ. Բ. Բ. տ.» աշխատության մեջ Մարքսը հիմնավորում է նաև պատմական մատերիալիզմի մի շարք այլ դրույթներ, բազիսի և վերնաշենքի հարաբերությունը, քաղ. կուսակցության և անհատի դերը պատմության մեջ: Աշխատությունը հայերեն առաջին անգամ լույս է տեսել 1931-ին, Երևանում, Ե. Տեր-Մինասյանի թարգմանությամբ, այնուհետև մինչև 1978-ի վերջը հրատարակվել է 3 անգամ:

Ժ. Զիրոյան