Jump to content

ՀՍՀ/«ԼՈՒՅՍ» ՀԱՆԴԵՍ ԱՄՆ

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից

«ԼՈՒՅՍ», գիտական, բարոյական, իմաստասիրական կիսամսյա, ապա՝ միամսյա (1904-ից) հանդես, 1907-ից՝ գիտական, գրական և բարոյական ամսաթերթ: Հրատարակվել է 1901—08-ին, Քեմբրիջում և Բոստոնում, 1925-ից վերահրատարակվել Բերկլիում իբրև ազգային, գրական, գիտական ամսաթերթ, իսկ 30-ական թթ. լույս է տեսել իբրև կիսամսյա հանդես՝ հայերեն և անգլերեն բաժիններով: Բոլոր տարիներին խմբագիր էր Մ. Մինասյանը: Նպատակն էր «ընթերցողական զգացումներ ազնվացնել և խորհուրդներ լայնացնել»: Ծանոթացրել է ժամանակի գիտական նորույթներին, թարգմանաբար օտար գրականությունը ներկայացրել հայ ընթերցողին (Գյոթեի, Հայնեի, Լամարթինի, Հյուգոյի, էմրսոնի, Թենիսոնի և ուրիշների գործերը): «Լ.» երկրորդ շրջանում ունեցել է հայագիտական թեքում և սատարել է Սովետական Հայաստանի օգնության գործին: Տպագրել է «Օտար հեղինակավոր վկայություններ Հայաստանի և Փոքր Ասիո թուրքերի մասին», «Հայաստան բնակավայր աշխարհի քաղաքակրթությանց», «Բնիկ նախնիք հայոց» ևն արժեքավոր հոդվածաշարերը: Հանդեսին աշխատակցել են Մ. Գաբրիելյանը, Մ. Գասապյանը, Մ. Յարտմյանը, Ն. Պուճիգանյանը, Ս. Երեմյանը, Գ. Սարաֆյանը և ուրիշներ:

Գ. Գույումջյան