ՀՍՀ/«ԼՈՒՅՍ» ՀՐԱՏԱՐԱԿՉՈՒԹՅՈՒՆ
«ԼՈՒՅՍ», ուսումնա-մանկավարժական գրականության հրատարակչություն, ՀՍՍՀ Մինիստրների խորհրդի հրատարակչությունների, պոլիգրաֆիայի և գրքի առևտրի գործերի պետական կոմիտեի համակարգում: Հիմնադրվել է 1964-ին, Երևանում: Մինչ այդ դասագրքերը հրատարակել է Հայպետհրատի դասագրքերի խմբագրությունը, իսկ 1955-ից՝ Ուսմանկհրատը: «Լ.» հրատարակում է դպրոցների, բարձրագույն և միջնակարգ ուս. հաստատությունների, պրոֆտեխնիկական ուսումնարանների համար դասագրքեր, ուսումնական ձեռնարկներ, ուսուցչական ուղեցույցներ և մեթոդական գրականություն, «դպրոցական գրադարան» մատենաշարով՝ գեղ. գրքեր, գրականություն ծնողների և աշակերտների համար, բառարաններ, ուսումնական ծրագրեր ևն: «Լ.»ի հրատարակած ուսումնական ձեռնարկները բացի ՀՍՍՀ-ից օգտագործվում են նաև Վրաստանի, Ադրբեջանի, Ռոստովի մարզի և Աբխազիայի հայկական դպրոցներում: 1964-ից դասագրքեր են հրատարակվում նաև սփյուռքի հայկական դպրոցների համար (10—25 հգ. տպաքանակ), որոնք առաքվում են ավելի քան 20 գաղթօջախ: 1955-ին հրատարակվել է 137 անուն (2,2 մլն տպաքանակ), 1977-ին՝ 190 անուն, 2400 հրատարակչական մամուլ (ավելի քան 5 մլն ընդհանուր տպաքանակ) գրականություն: «Լ.»ի հրատարակած մի շարք գրքեր ցուցադրվել են հանրապետական և համամիութենական ցուցահանդեսներում:
Գ. Բալասանյան
