ՀՍՀ/«ԼՈՒՅՍ ՓԱՐԻԶԻ»
«ԼՈՒՅՍ ՓԱՐԻԶԻ», գրական-գեղարվեստական, հասարակական շաբաթաթերթ: Լույս է տեսել 1957—59-ին, Փարիզում: Խմբագիր՝ Ա. Ալիքսանյան: Արտահայտել է ֆրանսահայ գաղութի առաջադիմական շրջանների տրամադրությունը: Նյութերը հիմնականում նվիրված են գրականության և մշակույթի հարցերին: Կարևոր տեղ է հատկացրել նաև Սովետական Հայաստանի գիտության, արվեստի և այլ բնագավառներում ձեռք բերած նվաճումներին: Ներկայացրել է սովետահայ հեղինակների առանձին ստեղծագործությունները, տպագրել երաժշտությանը, թատրոնին ու կինոյին, հրատարակչական գործին նվիրված հոդվածներ: «Լ. Փ» անդրադարձել է սփյուռքահայ կյանքի իրադարձություններին, գետեղել լուրեր հայ գաղթօջախների մասին, արձագանքել քաղ. կարևոր դեպքերին: Մերկացրել է դաշնակցության ազգավնաս գործունեությունը, նրանց գործակցությունը միջազգային հետադիմությանը:
Մ. Բաբլոյան
