Jump to content

ՀՍՀ/«ԼՐԻՎ ԶԲԱՂՎԱԾՈՒԹՅՈՒՆ»

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից

«ԼՐԻՎ ԶԲԱՂՎԱԾՈՒԹՅՈՒՆ», ժամանակակից բուրժուական տնտեսագիտական տեսություն, հեղինակն է անգլիացի տնտեսագետ Ջ. Մ. Քեյնսը: «Լ. զ.» տեսության կողմնակիցների նպատակն է «հիմնավորել» կապիտալիզմի պայմաններում զանգվածային գործազրկության վերացման և «լրիվ զբաղվածության» իրականացման հնարավորությունը, որը դիտվում է գերարտադրության տնտ. Ճգնաժամերի վերացման գլխավոր ուղի: Քեյնսականները գործազրկության պատճառը համարում են անձնական և արտադրական սպառման ապրանքների նկատմամբ պահանջարկի անբավարարությունը, որի հետևանքով կրճատվում է արտադրության ծավալը: Պահանջարկի անբավարարությունը նրանք բացատրում են մարդկանց հոգեբանությամբ, որոնց իբր հատուկ է եկամուտների տնտեսումը: Արտադրության ընդլայնման և լրիվ զբաղվածության ծրագրի իրականացման հիմնական ուղին համարում են պետ. ներդրումները, ռեալ աշխատավարձի իջեցումն ու էժան վարկը: Իրականում ներդրումներն ու կապիտալիստական արտադրության ընդլայնումը զբաղվածության համապատասխան բարձրացում չեն առաջացնում, քանի որ կապիտալիստական կուտակումը ուղեկցվում է կապիտալի օրգանական կազմի աճով, իսկ պետ. ներդրումների աղբյուրը հարկերն ու գանձումներն են, որոնք կրճատում են բնակչության համախառն վճարունակ պահանջարկը:

Ն. Թովմասյան