Jump to content

ՀՍՀ/«ԼՐՈ ԳԻՐ»

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից

«ԼՐՈ ԳԻՐ» («Լրոգիր Մեծի տերությանն օսմանյան»), հայերեն անդրանիկ պարբերականը Թուրքիայում, շաբաթաթերթ: Լույս է տեսել 1832—50-ին՝ ընդհատումներով, Կ. Պոլսում: Խմբագիր հրատարակիչներ՝ Գ. Գևորգյան, Գ. Սրապյան: Ստեղծվել է որպես թուրք, ազգային առաջին՝ «Թագվիմի վագայի» պաշտոնաթերթի հայերեն տարբերակ: Սկզբնական շրջանում հեռու էր ազգային կյանքից, քաղաքական-սոցիալական պրոբլեմներից: Հիմնականում արտացոլել է պալատական անցուդարձն ու պարգևների հանձնման արարողությունները, ներկայացրել կայսերական հրովարտակները: Հետագայում տպագրել է հայ իրականությանն առնչվող ինքնուրույն և մամուլից արտատպված նյութեր (կրոնա-բարոյախոսական և դպրոցների մասին հոդվածներ, հայտագրեր, նոր գրքերի համառոտ ծանոթագրություններ ևն): Ձգտել է հայերեն գրավոր խոսքի մաքրությանը: Ուներ «Ներքին լուրեր», «Արտաքին լուրեր», «Գործք գորաց», «Բանասիրական», «Ազգային» և այլ բաժիններ: Լույս է տեսել «Հայտարարգիր լրո Մեծի տերությանն օսմանյան», «Հայտարար լրագիր Մեծի տերությանն օսմանյան», «Սուրհանդակ Կոստանդյան» և «Սուրհանդակ Բյուզանդյան» անուններով:

Վ. Ղուկասյան