Jump to content

ՀՍՀ/«ԽԱՆԴԱՄԻՐՅԱՆ ԹԱՏՐՈՆ»

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից

«ԽԱՆԴԱՄԻՐՅԱՆ ԹԱՏՐՈՆ», կառուցվել է 1891-ին, Շուշիում, Ղազանչեցոց եկեղեցու մոտ, թատերական և հասարակական գործիչ Մկրտիչ Խանդամիրյանի միջոցներով: «Խ. թ.» ունեցել է 350-տեղանոց դահլիճ, վերնահարկ, երկու օթյակ, դերասանների զարդասենյակներ, գրադարան և օժանդակ այլ հարմարություններ: Լուսավորվել է նավթի և գազի լապտերներով: Վարագույրը նկարել է 0. Շմեռլինգը: Ճեմասրահի պատերը զարդարված են եղել հայ, ռուս և օտարազգի դերասանների և դրամատուրգների նկարներով: «Խ. թ.» բացվել է Մուրացանի «Ռուզան» պիեսի ներկայացումով՝ 1891-ի հուլիսի 7-ին: Թատերախումբը ղեկավարել են Մ. Խանդամիրյանը, Գ. Բալայանը և ուրիշներ: «Խ. թ.ում հանդես են եկել հայ բեմի լավագույն դերասաններ (Գ. Պետրոսյան, Սիրանույշ, Հ. Աբելյան), հյուրախաղերի եկել ռուս., ադրբ., ուկր. թատերախմբեր: Թատրոնն այրվել է 1905-ին:

Բ. Հովակիմյան