ՀՍՀ/«ԽԻԿԱՐ»
«ԽԻԿԱՐ», երգիծական ամսագիր: Լույս է տեսել 1884—85, 1886—88-ին, Կ. Պոլսում և Ադրիանուպոլսում: Խմբագիր-հրատարակիչ՝ Հ. Պարոնյան: 1880-ական թթ. վերջերի համիդյան խստագույն գրաքննության պայմաններում «Ծիծաղ» և «Թատրոն» հանդեսների քաղ. երգիծանքը այստեղ հիմնականում իր տեղը զիջել է կենցաղային թեմատիկային: Խարազանել է եվրոպական նորամուծությունները կենցաղում, քաղքենիական սովորությունները, պաշտպանել արհեստավոր խավին: Առաջին անգամ այստեղ են տպագրվել Պարոնյանի «Քաղաքավարության վնասները», «Պաղտասար աղբար», «(սիկար և ծիծաղ», «Ծիծաղ և Բարոյական», «Առտնին տեսարաններ» և այլ ստեղծագործություններ: Կարևոր արժեք է ներկայացնում նաև «Այլակերպություն բառարանի» աֆորիզմների շարքը, ուր քննադատվում են ազգային մարմինների գործունեությունը, հոգևորական դասը: «Խ.» ժամանակի երիտասարդության ամենակարդացվող պարբերականներից էր: Աշխատակցել են Կ. Պոլսի, Զմյուռնիայի, Ադրիանուպոլսի և այլ քաղաքների հայ մտավորականները՝ ինքնուրույն և թարգմանական գործերով:
