Jump to content

ՀՍՀ/«ԾԱՂԻԿ» ՊԱՐԲԵՐԱԿԱՆ

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից

«ԾԱՂԻԿ», գրական-բանասիրական, մանկավարժական, տնտեսական, գիտական և քաղաքական պարբերական: Հրատարակվել է 1886—1908-ին, Կ. Պոլսում, փոփոխական պարբերականությամբ (եռօրյա, շաբաթաթերթ, կիսամսյա, օրաթերթ): Հիմնադիր-տնօրեն՝ Ա. Սագայան, խմբագիրներ՝ Հ. Հլսճյան, Ա. Աագայան, Գ. Փալագաշյան, Մ. Սուլթանյան, Մ. Տյոքմեճյան, Ղ. Բոլատ և ուրիշներ: «Ծ.»ին զուգահեռ կամ դադարների շրջանում նոր անվանումով լույս են տեսել մանուկների, կանանց, պատանիների համար պարբերականներ՝ նոր խմբագրական կազմով: Տպագրել է գեղարվեստական գործեր, ժողովրդական ու աշուղական երգեր, տնտեսագիտական-երկրագործական, բժշկագիտական հոդվածներ, գրախոսականներ, ուղեգրություններ ու հուշեր, գիտական զրույցներ ևն: Արտացոլել է արևմտահայ գրականության զարգացման ընթացքը XIX դ. վերջին k XX դ. սկզբին, համախմբել պոլսահայ մտավորականության կարող ուժերը (Ա. Չոպանյան, Տ. Չրաքյան, Ռ. Զարդարյան, Լ. Բաշալյան, Զ. Եսայան, Հ. Ասատուր, Ռ. Որբերյան, Սիպիլ, Ա. Հարությունյան, Թլկատինցի, Ռ. Պերպերյան, Թեոդիկ, Հ. Մառք և ուրիշներ): Քննարկել է ուսումնա-կրթական, լեզվա-ոճական, նախադպրոցական դաստիարակության, հայ մամուլի և հրապարակագրության հարցեր: Լույս է ընծայել պատմա-մշակութային, հին ձեռագրերի ու գաղթավայրերի, ժողովրդական կենցաղի ու սովորույթների, կանանց կրթության վերաբերյալ հոդվածներ: Անդրադարձել է նաև արևելահայ հասարակական-քաղաքական և գրական-մշակութային հարցերին: Տպագրել է Հ. Պարոնյանի և Ե. Տեմիրճիպաշյանի գործերը, Ա. Ծատուրյանի, Ա. Իսահակյանի բանաստեղծությունները, Հ. Հիսարյանի «Խոսրով և Մաքրուհի» վեպը, Թ. Թերզյանի, Հ. Ոսկանի, Վ, Տեր-Մինասյանի և ուրիշների հողվածներն ու ուսումնասիրությունները: Մեծ տեղ է հատկացրել արևմտաեվրոպական գրականությանը, թարգմանաբար լույս ընծայել Շեքսպիրի, Դանթեի, Գյոթեի, Մոպասանի, Բալզակի, Զուղերմանի, Ֆրանսի, Իբսենի երկերից, նյութեր հրատարակել ականավոր գրողների (Սերվանտես, Շիլլեր, Գյոթե. Հայնե, Տոլստոյ, Հաուպտման, Չեխով) մասին:

Մ. Հակոբյան