ՀՍՀ/«ԾԱՂԿՈՒՆՔ»
Արտաքին տեսք
< ՀՍՀ
«ԾԱՂԿՈՒՆՔ», երկօրյա թերթ: ՀԿԿ Ապարանի շրջանային կոմիտեի և ժողովրդական դեպուտատների շրջանային սովետի օրգան: Լույս է տեսնում 1965-ից, Ապարանում: Աջակցում է շրջանի կուսակցական և սովետական մարմիններին՝ կենսագործելու ՍՄԿԿ, ՀԿԿ և շրջանային կազմակերպությունների որոշումները: Ընդհանրացնում է արտադրական ձեռնարկությունների նվաճումներն ու առաջավորների փորձը, ներկայացնում շրջանի մշակութային և մարզական առօրյան, արծարծում մանկավարժության և երիտասարդ սերնդի կոմունիստական դաստիարակության հարցեր: ՏԱՍՍ-ի և Արմենպրեսի նյութերով ծանոթացնում է միջազգային և հանրապետական իրադարձություններին: «Ծ.»ին նախորդել են «Անասնապահ կոլխոզնիկ» (1933—54), «Անասնապահ կոլտնտեսական» (1954—62) և «Արագած» (1962—65, միջշրջանային) թերթերը:
Վ. Ամիրբեկյան
