ՀՍՀ/«ԾԻԾԵՌՆԱԿ» ԱՄՍԱԳԻՐ
«ԾԻԾԵՌՆԱԿ», պատկերազարդ մանկական ամսագիր նախադպրոցական և դպրոցական կրտսեր տարիքի երեխաների համար: ՀԼԿԵՄ Կենտկոմի և Համամիութենական պիոներական կազմակերպության հանրապետական խորհրդի հրատարակություն: Լույս է տեսնում 1978-ից, Երևանում (1965—77-ին «Պիոներ» ամսագրի ամենամսյա հավելվածն էր): Խմբագիրներ՝ Մ. Հարությունյան, Ա. Սահինյան, Ժ. Մադոյան (1978-ից): Հանդեսի նպատակն է երեխաներին դաստիարակել հայրենասիրության, ինտերնացիոնալիզմի, ընկերասիրության ոգով, սեր արթնացնել ուսման, մայրենի լեզվի, աշխատանքի, արհեստների, արվեստի ու գրականության, սպորտի նկատմամբ: «Ամենագնացով աշխարհի շուրջը» բաժինը ծանոթացնում է երկրի կազմությանն ու բնության հետաքրքրական երևույթներին, մատչելիձևով տեղեկություններ հաղորդում գիտական հայտնագործությունների մասին: «Մեր հյուրասրահը» բաժինը կազմակերպում է հանդիպումներ արվեստի, գրականության և այլ բնագավառների նշանավոր մարդկանց հետ: Տպագրում է չափածո և արձակ թարգմանական գործեր: Մանուկների համար գրած ստեղծագործություններով թղթակցում են հայ սովետական գրողները:
