ՀՍՀ/«ԿԱՅԾ» ԵՐԿՕՐՅԱ ԹԵՐԹ ԿԻՐՈՎԱԿԱՆ
«ԿԱՅԾ», երկօրյա թերթ: ՀԿԿ Կիրովականի քաղկոմի և ժողովրդական դեպուտատների Կիրովականի քաղաքային սովետի օրգան (1951—1952-ին՝ ՀԿԿ Կիրովականի օկրուգային ու քաղաքային կոմիտեների և աշխատավորների դեպուտատների Կիրովականի օկրուգային և քաղաքային սովետների, 1963—64-ին՝ Սպիտակի գյուղական արտադրական կոմիտեի, ՀԿԿ Կիրովականի քաղկոմի, աշխատավորների դեպուտատների Սպիտակի շրջանային և Կիրովականի քաղաքային սովետների օրգան): Լույս է տեսնում 1951-ից, Կիրովականում: Նպաստում է ՍՄԿԿ և ՀԿԿ համագումարների ու պլենումների որոշումների կենսագործմանը, օգնում արդ. ձեռնարկությունների կուսակցական և վարչական մարմիններին՝ պլանների կատարման և արտադրանքի որակի համար մղվող պայքարում: «Կ.» լուսաբանում է Կիրովական—Ռուսթավի—Սումգայիթ, Կիրովական—Բաթում—Սուխում քաղաքների սոցիալիստական մրցությունը, էջեր փոխանակում մրցակիցների քաղաքային թերթերի հետ: Աշխատանքի և Հայրենական մեծ պատերազմի վետերանների օրինակով դաստիարակում է երիտասարդությանը, աջակցում նրանց կոմունիստական նկարագրի ձևավորմանը: Թերթը անդրադառնում է քաղաքի մշակութային և մարզական կյանքին, տալիս է գրական էջեր, տպագրում գրախոսություններ, բժշկ., իրավաբանական խորհուրդներ:
Վ. Ամիրրեկյան
