ՀՍՀ/«ԿԱՆՈՆԱԴՐՈՒԹՅՈՒՆ ԱՅԼԱԶԳԻՆԵՐԻ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ՄԱՍԻՆ» (1822)
«ԿԱՆՈՆԱԴՐՈՒԹՅՈՒՆ ԱՅԼԱԶԳԻՆԵՐԻ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ՄԱՍԻՆ» (1822), Սիբիրի ոչ ռուս ժողովուրդների կառավարման կարգը սահմանող ցարական կառավարության օրենսդրական ակտ: Ըստ կանոնադրության «այլագգիները» բաժանվեցին երեք խմբի, «նստակյացներ», «թափառաշրջիկներ», «քոչվորներ»: «Նստակյացները» (հիմնականում Սիբիրի թաթարները) իրավական տեսակետից հավասարվեցին ռուս, հարկատու խավերին (քաղքենիներին, պետ. գյուղացիներին), սակայն առանց զինծառայության պարտավորության: «Թափառաշրջիկների» (նենեցներ, կորյակներ, Հյուսիսային Սիբիրի մյուս ժողովուրդներ) կառավարումը թողնվեց տոհմային վերնախավի ներկայացուցիչներին («իշխանիկներ», ավագներ): «Քոչվորների» (բուրյաթներ, յակուտներ, էվենկներ, խակասներ) յուրաքանչյուր ուլուսի կամ բնակատեղիի ղեկավարումը վստահվեց տոհմի ավագին՝ 1—2 օգնականով: Կանոնադրությունը «քոչվորներին» ամրացրեց նրանց զբաղեցրած հողատարածությունները, թույլատրեց առևտուրը, սահմանեց յասակի չափերն ու ձևերը, երկրի քրեական օրենսդրությունը տարածեց նաև նրանց վրա: Կանոնադրությամբ ստեղծված կառավարման կարգը հարատևեց մինչև XX դ. սկիզբը:
