ՀՍՀ/«ԿԵՌԱՆ ԹԱԳՈՒՀՈՒ ԱՎԵՏԱՐԱՆ»
«ԿԵՌԱՆ ԹԱԳՈՒՀՈՒ ԱՎԵՏԱՐԱՆ», հայկական ձեռագիր մատյան: Պահպանվում է Երուսաղեմի Ս. Հակոբյանց վանքում (ձեռ.2563): Գրվել և պատկերազարդվել է 1272-ին, Ասում, Կիլիկիայի Կեռան թագուհու պատվերով: Գրիչն է հռչակավոր Ավետիսը: Մանրանկարչի անունն անհայտ է: «Կ. թ. Ա.»ում ուշագրավ է Լևոն Գ թագավորին ու Կեռան թագուհուն ժառանգների հետ պատկերող մանրանկարը, որը, բարձրարվեստ կատարումից բացի, ունի նաև պատմական նշանակություն: Քրիստոսի կյանքի դրվագները պատկերող բազմաթիվ մանրանկարները («Ավետում», «Ծնունդ», «Տեառն ընդառաջ», «Ղազարոսի հարությունը», «Այլակերպություն», «խաչելություն», «Համբարձում» ևն), հիմնականում պահպանելով պատկերագրական կանոնացված համակարգերը, ամբողջացնում են XIII դ. 2-րդ կեսի կիլիկկյան մանրանկարչության լավագույն ավանդույթները: Նրբագեղությամբ, կատարողական բարձր վարպետությամբ, պարզ կաոուցվածքով, գծանկարի հստակությամբ ու ներդաշնակ գունաշարով աչքի ընկնող մանրանկարները ձեռագիրը դարձնում են հայկ. միջնադարյան արվեստի պատմության ծաղկուն շրջանի նշանավոր նմուշներից: Պատկերազարդումը տես 385-րդ էջից առաջ՝ ներդիրում:
Գրկ. Տեր-Մովսիսյան Մ., Հայկական մանրանկարներ, «ԱՀ», 1910, հ. 20, 2: Ազար յան Լ., Կխիկյան մանրանկարչությունը XII—Х III Ոդ., Ե., 1964
Լ. Ազարյան
