ՀՍՀ/«ԿՌՈՒՆԿ» ԵՐԳ
«ԿՌՈՒՆԿ», ուշ միջնադարի անհայտ հայ հեղինակի ստեղծած երգ: «Կ.» ժողովրդականացել է, դարձել հայրենիքի կարոտի և հայրենասիրության խորհրդանիշ: Բանաստեղծական բարձր արվեստով հորինված խոսքերը պահպանվել են XVII դ. ձեռագիր տաղարաններում: Ազատ իմպրովիզացիոն շարադրանքով հավաք ձևում հոսող մեղեդին, որ ներկայացնում է հայ միջնադարյան աշխարհիկ տաղերի ժանրը (հավանաբար ծագում է Ակնա երգարվեստից), բազմաթիվ տարբերակներով գրառված է ժողովրդական կատարումից: Բազմիցս մշակվել է ձայնի և դաշնամուրի (առաջիններից է Ն. Կլենովսկու մշակումը, կատարվել է Մոսկվայի I ազգագրական համերգում, 1893-ին, առավել տարածվածըևգեղարվեստականը Կոմիտասի մշակումն է, XIX դ. վերջ), երգչախմբի, ջութակի, թավջութակի համար: Օգտագործվում է հայ հեղինակների սիմֆոնիկ երկերում և կինոերաժշտության մեջ: «Կ.»ի կատարումը հաճախ գնահատվում է որպես հայ երգի կատարողական վարպետության չափանիշ: «Կ.» թարգմանվել է եվրոպական լեզուներով, մեղեդին, որպես ժող. արվեստի կատարյալ նմուշ, համաշխարհային ճանաչում է վայելում:
Գրկ. Նազարյան Շ., «Կռունկ» Երգը և նրա պատմությունը, Ե., 1977: Ռ. Աթայան
