Jump to content

ՀՍՀ/«ՀԱԶԱՐԱՆ ԲԼԲՈՒԼ»

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից

«ՀԱԶԱՐԱՆ ԲԼԲՈՒԼ», առասպելական թռչուն, հայկական հրաշապատում հեքիաթների հիմնական կերպարներից: Հանդիպում է նա 7 Հազաբաբիլբուլ, Ջաղի բլբուլ, Պյուլպուլ ձևերով, համապատասխանում է ռուս. жарптица, գերմ. der Goldene Vogel կերպարներին: «Հ. բ.» ներկայացվում է որպես բնության զարթոնքի հրաշագործ ուժ, գեղեցկության, արդարության ու ներդաշնակության խորհրդանիշ, նրա երգով վերակենդանանում է անեծքով (կախարդանքով) պատուհասված բուսական ու կենդանական աշխարհը: «Հ. բ.» պահվում է ոսկե վանդակում, անմատչելի տեղ. նրան տիրանալու համար հեքիաթի հերոսը ենթարկվում է ծանր փորձությունների, հաղթահարում դժվարություններ: «Հ. բ.»–ի սյուժեն տարածված է մի շարք տարբերակներով և ընդգրկում է ազգագրական լայն շրջաններ` Արարատյան դաշտ, Գուգարք, Արցախ, Ջավախք, Վասպուրական, Ալաշկերտ ևն:

Գրկ. Սրվանձտյանց Գ., Մանանա, ԿՊ, 1876, էջ 221–28: Հայկունի Ս., ժողովրդական հեքիաթ, Մ –Վաղ–պատ, 1902 (Էմինյան ազգագրական ժողովածու, հ. 4): Ա. Նազինյան