Jump to content

ՀՍՀ/«ՀԱԶԱՐ ՈՒ ՄԵԿ ԳԻՇԵՐ»

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից

«ՀԱԶԱՐ ՈՒ ՄԵԿ ԳԻՇԵՐ», արաբական միջնադարյան գրականության հուշարձան: Ամփովում է շուրջ 300 հեքիաթ ու զրույց: Հեղինակ կամ կազմող չունի, արդյունք է ասացողների (մեդլախների) և ընդօրինակող–գրիչների բազմաթիվ սերունդների աստիճանական, համատեղ ստեղծագործության: Ժանրային առումով բազմաբնույթ է. հրաշապատում, իրապատում, արկածային հեքիաթներ, իմաստասիրական, առակավոր զրույցներ, զրույց–հանելուկներ, անեկդոտներ ևն: Կառուցվածքային հենքը մահապատժից խուսափելու նպատակով Շահարազադեի` խալիֆ Շահրեարին պատմած գիշերային հեքիաթաշարն է: Ամեն առավոտ հեքիաթն ընդհատվում է ամենահետաքրքիր մասում` թագավորին հարկադրելով մահապատիժը հետաձգել հաջորդ օրվան: Եվ այսպես` հազար գիշեր, մինչև ներում ստանալը: «Հ. ու մ. գ.» իր ակունքներով կապվում է հին հնդ. գրականության հետ, որից և մոտ IX դ. թարգմանվել է պհլ.` կազմելով «Հեզար աֆսանե» ժողովածուն, ապա` արաբ.: Արաբ թարգմանիչները խմբագրել, հաճախ անճանաչիլիորեն փոխել են ժողովածուի զրույցները, որոնք հետագայում հարստացվել են հնդ., արաբ. և Արևելքի այլ ժողովածուներից քաղված հինավուրց երկերով, ստեղծել յուրատեսակ ժամանակագրական շերտեր: XIV–XVI դդ. ավարտուն տեսքի է բերվել արաբ. «Հ. ու մ. գ.» հեքիաթաշարը, որի հնագույն միջուկը «Հեզար աֆսանե»–ի IX դ. Արաբ. թարգմանությունն է: Հեքիաթների այս խմբագրությունը (հայտնի` «եգիպտական խմբագրություն» անունով) ընկած է եվրոպական լեզուներով մի շարք հրատարակությունների հիմքում: «Հ. ու մ. գ.» Եվրոպային հայտնի է դարձել Ա. Գալլանի` ոչ բոլոր զրույցների ֆրանս. փոխադրությամբ (12 հ., 1704–17), ըստ որի կատարվել են ռուս. (1763–74), անգլ., գերմ. առաջին թարգմանությունները: Հայազգի Ժոզեֆ–Շառլ Մարդրյոսը 1898–1904–ին, ադապտացիայի ենթարկելով, ֆրանս. լույս է ընծայել «Հ. ու մ. գ.» 16 հատորով, որը բազմիցս վերահրատարակվել է: Զրույցներից երկուսը` Պղնձե քաղաքի պատմությունը և Մանկան ու աղջկա պատմությունը (Տավեդդադ, Տարանդոտ), հայերեն է թարգմանվել X դ., Դավիթ Կյուրապաղատի պատվերով: Հետագայում դրանք խմբագրվել, հարստացվել են հանելուկներով, կաֆաներով, ժողովրդականացել են, ընդօրինակվել, իսկ XVIII–XIX դդ. բազմիցս հրատարակվել են: Պղնձե քաղաքի պատմության X դ. հայերեն թարգմանությունը, որի բնագիրը չի գտնված, ավելի հին է, քան զրույցի արաբ. «եգիպտական խմբագրությունը»: Այս զրույցների հայկ. տարբերակները XVIII դ. թարգմանվել են վրաց.: Իբրև հավերժական սյուժե «Հ. ու մ. գ.» մեծ ազդեցություն է գործել աշխարհի շատ ժողովուրդների բանահյուսության, գրականության, արվեստի վրա, այդ հեքիաթների սյուժեներով ստեդծվել են կինոնկարներ` «Բաղդադի գողը» (1924, ԱՄՆ), «Սինդբադի յոթերորդ ճանապարհորդությունը» (1958, ԱՄՆ), «Ալադինի կախարդական լամպը» (1967, ՍՍՀՄ): Ժողովածուն ունեցել է մի շարք հայերեն հրատարակություններ (1870, Զմյուռնիա, 1910, Պոլիս, 1924, Բոստոն, 1934, Ալեքսանդրիա, 1935, Բուխարեստ, 1959, Երևան):

Գրկ. Ակինյան Ն., Ջրույտ Պղնձե քաղաքի, «ՀԱ», 1958, No 1–4: Эструп И., Исследование о «1001 ночи», ее составе, возникновении и развитии, пер. с дат., М.,1904. Հ. Սիմոնյան