ՀՍՀ/«ՀԱԿԱԿՈՄԻՆՏԵՐՆՅԱՆ ՊԱԿՏ»
«ՀԱԿԱԿՈՄԻՆՏԵՐՆՅԱՆ ՊԱԿՏ», պայմանագիր` կնքված Գերմանիայի և Ճապոնիայի միջև 1936–ի նոյեմբերի 25–ին, Բեռլինում. նպատակն էր` Կոմինտերնի դեմ պայքարի պատրվակով հաստատել այդ պետությունների համաշխարհային գերիշխանություն: Կողմերը պարտավորվում էին ինֆորմացիա փոխանակել Կոմինտերնի գործունեության վերաբերյալ և համատեղ պայքար մղել նրա դեմ: Լրացուցիչ գաղտնի հատուկ համաձայնագիրը նախատեսում էր համատեղ պայքարի միջոցներ ընդդեմ ՍՍՀՄ–ի: 1937–ի նոյեմբ. 6–ին «Հ. պ.»–ին միացավ Իտալիան, 1939–ի փետր. 24–ին` Հունգարիան և Մանչժոու–Գո խամաճիկ պետությունը, 1939–ի մարտի 27–ին` Իսպանիան: 1939–40–ին «Հ. պ.» վերածվեց Գերմանիայի, Իտալիայի և Ճապոնիայի բացահայտ ռազմ. դաշինքի (տես Բեռլնի պակտ 1940): 1941–ի նոյեմբ. 25–ին «Հ. պ.» երկարաձգվեց 5 տարով, և նրան միացան Ֆինլանդիան, Դանիան, Հորվաթիան, Ռումինիան, Սլովակիան և Բուլղարիան, ինչպես նաև Ճապոնիայի օկուպացրած` Չինաստանի տերիտորիայում գտնվող Վան Ցզին Վեյի «կառավարությունը»: Երկրորդ համաշխարհային պատերազմում ՍՍՀՄ և հակահիտլերյան կոալիցիայի հաղթանակով «Հ. պ.» վերացավ:
