ՀՍՀ/«ՀԱՂԹԱՆԱԿ»
«ՀԱՂԹԱՆԱԿ», հայկական պարտիզանական ջոկատ Հայրենական մեծ պատերազմում: Կազմակերպել են Ուկրաինական ՍՍՀ Լվովի մարզի Սելեց–Զավոնի ռազմագերիների ճամբարից փախած մի խումբ հայ ռազմագերիներ, 1943–ի մարտին: Ջոկատի հրամանատարն էր 1927–ից ՍՄԿԿ անդամ կապիտան Սերգեյ Արկադիի Հարությունյանցը, որը ծանր վիրավոր գերի էր ընկել 1942–ի մայիսին, Կերչում: Հարությունյանցը գերության մեջ ղեկավարել է ընդհատակյա խումբը և կազմակերպել նրա անդամների փախուստը: «Հ.» ջոկատը նրա հրամանատարությամբ մոտ մեկ տարի ինքնուրույն մարտնչել է ֆաշիստական զավթիչների ու նրանց գործակալների դեմ` Արևմտյան Ուկրաինայի շրջաններում: 1944–ի հունվարի վերջին ջոկատը միացել է գեն–մայոր Կովպակի անվ. 1 ուկրաինական պարտիզանական ղիվիզիային, որի հրամանատարն էր Պյոտր Վերշիգորան: Դիվիզիայի կազմում «Հ.» ջոկատը դարձել է III գնդի II վաշտ, որի հրամանատար նորից նշանակվել է Ս. Հարությունյանցը: Վաշտը մասնակցել է Լեհաստանի, Լվովի և այլ քաղաքների ազատագրմանը, անցել 2100 կմ մարտական ուղի, աչքի ընկել շատ օպերացիաներում, հատկապես Բորմոլ, Լոպատինո, Մոտիլ, Կշեսով, Ուլյանով, Տարնոգրուդ քաղաքների գրավման է հարյուրավոր բնակավայրերի ագատագրման համար մղված կռիվներում: «Հ.» ջոկատից իրենց խիզախությամբ մարտերում աչքի են ընկել ռադիստ Վռամ Ավանեսյանը, գնդացրորդ Բագրատ Գալստյանը, հրամանատարներ ու քաղաշխատողներ Հ. Պետյանը, Վ. Տոնյանը, Ե. Ղասաբյանը, Ա. Պողոսյանը, Ա. Ֆահրոյանը, Ռ. Սահակյանը, Ա. Մելքոնյանը, Լ. Ամիրյանը, Գ. Ավետիսյանը, Ս. Խալաթյանը, Գ. Օհանյանը, Հ. Հակոբյանը և ուրիշներ:
Ե. Խալեյան
