ՀՍՀ/«ՀԱՂՊԱՏԻ ԱՎԵՏԱՐԱՆ»
«ՀԱՂՊԱՏԻ ԱՎԵՏԱՐԱՆ», հայկական մանրանկարչության հուշարձան, ձեռագիր մագաղաթյա Ավետարան: Հաղպատում (այստեղից էլ անունը) ընդօրինակել են երկու գրիչներ: Աոաջինը, որի անունը հայտնի չէ, գրել է 2–10–րդ պրակները, երկրորդը` Հակոբ գրիչը` 11–ից մինչև վերջ: Հակոբը, գրելուց բացի, ձեռագիրը զարդարել է կիսախորաններով, զարդագրերով կ լուսանցազարդերով, որոնք չի գունավորել: Ձեռագիրը (30 սմ X 22 սմ, երկաթագիր) Հաղպատից տարվել է Անի, որտեղ գրիչ և նկարիչ Մարգարեն գունազարդել է լուսանցազարդերը, զարդագրերը, փոխել երկու կիսախորաններ` նորերը նկարելով, սկզբից ավելացրել էտասը նկարազարդ խորան և գրել համաբարբառը, ապա նկարել տերունական նկարներ, որոնցից պահպանվել են միայն «Քրիստոսի մուտքը Երուսաղեմ» նկարը և ընծայականը` «Քրիստոսը` Ավետարանը ստացող Սահակ և Առաքել եղբայրների հետ»: Այնուհետև ձեռագիրը տարվել է Հոռոմոսի վանք, որի առաջնորդ Աբրահամը կազմել է և հանձել պատվիրատու Սահակ կրոնավորին, իսկ սա 1211–ին նվիրել է Արջո Առիճի եկեղեցուն: 1223–ին Անիի գավառում այն գնել է արցախեցի Սարգիսը և նվիրել խաչենի եպիսկոպոսարանին: Դարեր հետո ձեռագիրը տարվել է Արցախի Գետաշեն գյուղի եկեղեցին, որտեղից 1920–ական թթ. Գ. Հովսեփյանը բերել է Էջմիածնի մատենադարան և նրա մասին գրել ուսումնասիրություն: «Հ. Ա. » այժմ գտնվում է Երնանի Մեսրոպ Մաշտոցի անվ. Մատենադարանում (ձեռ. 6288): Ձեռագիրը հանրահայտ է Մարգարեի նկարներով: Թե խորանների լուսանցքներում, թե տերունական նկարներում պատկերվել են կենցաղային տեսարաններ, ժամանակի աշխարհիկ կյանքը, պատմական դեմքեր` Անիի գրչության դպրոցի առաջնորդ Եղբայրիկը, ձուկ բերող Շերանիկը, ջուր բերող երիտասարդ սպասավոր, գուսան` նստած կապերտի վրա, սազ նվագելիս, Հոռոմոսի առաջնորդ և ձեռագրի կազմարար հայր Աբրահամը: Հիսուսի մուտքի ավանդական պատկերի փոխարեն նկարված է մի բարձրաստիճան անձ կամ թագավոր, որին դիմավորում է ժողովուրդը: «Հ. Ա.» ունի ոչ միայն գեղարվեստական, այլև պատմա–ազգագրական բարձր արժեք:
Գրկ. Հովսեփյան Գ., . Հաղպատի դպրոցի մի գլուխ գործոց («Գետաշենի Ավետարան»), տես նրա «Նյութեր և ուսումնասիրություններ հայ արվեստի և մշակույթի պատմության», պրակ 1, Երոաաղնմ, 1935: Ա. Մաթևոսյան
