Jump to content

ՀՍՀ/«ՀԱՄԱՏԱՐԱԾ ԱՇԽԱՐՀԱՑՈՅՑ»

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից

«ՀԱՄԱՏԱՐԱԾ ԱՇԽԱՐՀԱՑՈՅՑ», Ամստերդամում հայերեն հրատարակված կիսագնդերի առաջին քարտեզը, 1695–ին: Կազմել և հայերեն գրությունները կատարել են Մատթեոս Հովհաննիսյանը, Թովմաս Եպիսկոպոսը, Ղուկաս և Միքայել Նուրիջանյան եղբայրները: Քարտեզը պղնձի վրա փորագրել են Անդրիանուս և Պետեր Շխոենբեկ եղբայրները: Նրանք մինչ այդ քանդակել էին եվրոպական լեզուներով հրատարակված կիսագնդերի քարտեզներ: «Հ. ա.» կազմված է ազիմուտային հասարակած շոշափող կամ նրան մոտիկ պրոյեկցիայով: Աստիճանացանցի բաժանման ձևով այն տարբերվում է այժմյան կիսագնդերի քարտեզներից: Արևմտյան և Արևելյան կիսագնդերի հասկացություն գոյություն չունի, միջօրեականների բաժանումը սկսվում է 0–ից, վերջանում` 360–ով: 0–ի միջօրեականն անցնում է Աֆրիկայի ամենաարևմտյան կետից: «Հ. ա.» պատկերում է այն ժամանակվա հայտնի աշխարհը: Երկրագնդի չուսումնասիրված մասերը` Հյուսիսային Ամերիկայի հս–արմ. հատվածը, Ասիայի հս–արլ. և Ավստրալիայի արլ. մասերը, Նոր Զելանդիան, Գրենլանդիայի մի մասը, պատկերված չեն: Համեմատաբար ճիշտ են պատկերված եվրոպական երկրները: Կարևոր նշանակություն ունի «Հ. ա.»–ի անունների հայերեն տառադարձությունը, որը հիմք է հանդիսացել հետագայում հրատարակված քարտեզներում օտար անունների տառադարձության համար: «Հ. ա.»–ի հետ են կապվում առաջին հայերեն քարտեզագրական տառատեսակները: «Հ. ա.» հայկ. Վերածննդի գիտության և արվեստի լավագույն նմուշ է: Վերածննդի ժամանակաշրջանի արվեստին բնորոշ է շրջանակից դուրս տարվա չորս եղանակների պատկերումը, որտեղ արտացոլվել է հին հուն, դիցաբանությունը: «Հ. ա.»ի շրջանակից դուրս պատկերված են նաև այդ ժամանակ ընդունված դիցաբանական բազմաթիվ նկարներ: Տիեզերագիտական տեսակետից «Հ. ա.» դեռևս գտնվում է նախակոպեռնիկոսյան շրջանի երկրակենտրոն սիստեմի վրա: Երկու կիսագնդերի միջև շրջանաձև ուղեծրերով ցույց է տրված մեր համակարգությունը երկրակենտրոն սիստեմով: Ընդ որում, Արեգակը պատկերված է որպես չորրորդ մոլորակ:

Հ. Հովհաննիսյան