ՀՍՀ/«ՀԱՄԲԱՎԱԲԵՐ» ՇԱԲԱԹԱԹԵՐԹ
«ՀԱՄԲԱՎԱԲԵՐ», հասարակական–գրական շաբաթաթերթ: Կովկասի հայոց բարեգործական ընկերության (ԿՀԲԸ) հրատարակությունը: Լույս է տեսել 1915–1917–ին, Թիֆլիսում: Խմբագիր` Ս. Հարությունյան: Անդրադարձել է հայ ժողովրդի գոյավիճակին և նրան կողմնորոշել դեպի Ռուսաստանն ու ռուս ժողովուրդը: Անդրադարձել է հայ իրականության սոցիալ–քաղ. իրավիճակին, Արևմտյան Հայաստանի հայ բնակչության ծանր կացությանը: «Արտաքին տեսություն», «Համաշխարհային պատերազմ» բաժիններում ներկայացրել է միջազգային իրադարձությունները, լուրեր հաղորդել ռազմաճակատներից: Տպագրել է Վ. Փափազյանի, Գ. Բաշինջաղյանի, Հ. Թումանյանի, Ա. Վշտունու, Ե. Չարենցի և այլոց արձակ ու չափածո ստեղծագործությունները, Մ. Մատենճյանի` Գ. Զոհրապի կյանքին և գործունեությանը նվիրված ուսումնասիրությունը, Մ. Աբեղյանի «Հայերեն տաղաչափության մասին» աշխատանքը, Լեոյի պատմա–բանասիրական բազմաթիվ հոդվածներ («Էրզրումի անցյալից», «Հայ բանաստեղծությունը և հայ հայրենիքը» ևն): Տպագրել է նաև ԿՀԲԸ պաշտոնական տեղեկությունները, որոշումներն ու շրջաբերականները, կենտրոնական խորհրդի և ճյուղերի հաշվետվությունները:
Ե. Հարությունյան
