ՀՍՀ/«ՀԱՅԱՍՏԱՆ» ԿԻՍԱՄՍՅԱ ԹԵՐԹ
«ՀԱՅԱՍՏԱՆ», կիսամսյա թերթ: Լույս է տեսել 1888–92–ին, Լոնդոնում, հայերեն և ֆրանս.: Խմբագրապետ` Մ. Ավազյան: Թերթը փորձել է եվրոպական դիվանագիտությանը ներկայացնել Թուրքիայի լծի տակ տառապող Արևմտյան Հայաստանի բնակչության վիճակը` նպատակ ունենալով հասարակական կարծիքի ներգործությամբ պարտադրել կատարելու Բեռլինի կոնգրեսի (տես Բեռլինի կոնգրես 1878) Հայկական հարցի վերաբերյալ որոշումները: «Հայկական վավերագրեր» խորագրով հրապարակել է Բեռլինի կոնգրեսի նյութերը: «Հայկական խնդիրն ու հասարակական կարծիքը», «Մեր բարեկամները» բաժինները ներկայացրել են օտարազգի գործիչների հոդվածներն ու նամակները հայերի, Հայաստանի, Հայկական հարցի մասին: Տպագրել է նաև հայրենասիրական բանաստեղծություններ (Ռ. Պատկանյանի «Հայերիս բաղձանքը»,«Ղարիբ մշեցին» ևն): Թերթն ուներ առավելապես եվրոպացիներից կազմված խնամակալ հանձնաժողով (Ջ. Բրայս, Ֆ. Սթիվենսոն, Պ. Աղանուր և ուրիշներ):
