ՀՍՀ/«ՀԱՅԱՍՏԱՆ» ՀՐԱՏԱՐԱԿՉՈՒԹՅՈՒՆ
«ՀԱՅԱՍՏԱՆ», բազմաճյուղ հրատարակչություն ՀՍՍՀ հրատարակչությունների, պոլիգրաֆիայի և գրքի առևտրի գործերի պետական կոմիտեի համակարգում: Հիմնադրվել է 1921–ի հունիսին (մինչև 1964–ը` Հայաստանի պետ. հրատարակչություն` Հայպետհրատ): Հրատարակում է հասարակական–քաղ., գիտական, գիտա–հանրամատչելի, գեղարվեստական, երաժշտական, արվեստագիտական, գյուղատնտ. գրականություն, ինչպես նաև տեղեկատուներ, բառարաններ, օրացույցներ, պլակատներ ևն: 1931–ին ՀՍՍՀ ժողկոմխորհի որոշմամբ Հայպետհրատից անջատվել և 1942–ին կրկին միավորվել է Կուսհրատը, որը լույս է ընծայել Կ. Մարքսի «Կապիտալ» I հատորը (1933), Վ. Ի. Լենինի երկերի 6–հատորյա ընտրանին, Մարքսի, Էնգելսի, Լենինի բազմաթիվ աշխատությունները: 1947–ին Հայպետհրատի բազայի վրա գործել է «Սովետական գրող» հրատարակչությունը, իսկ 1959–60–ին` «Տեխհրատը»: «Հ.»–ից առանձնացել են. 1955–ին` «Հայպետուսմանկհրատ» (հետագայում` «Լույս») և 1976–ին` «Սովետական գրող» հրատարակչությունները: «Հ.» հրատարակչությունն ունի հինգ խմբագրություն, մարքսիզմ–լենինիզմի կլասիկների և կուսակցական շինարարության, հասարակական–քաղաքական, գիտական և գիտահանրամատչելի, գյուղատնտ. և պատվերային, իրավաբանական, տեղեկատու և սպորտային գրականության: Իրականացրել է Վ. Ի. Լենինի երկերի IV հրատարակության (45 հ., 1941–70) լույս ընծայումը: Այժմ հրատարակում է Վ. Ի. Լենինի լիակատար ժողովածուն (55 հատորով): Հրատարակել է ՍՄԿԿ և ՀԿԿ կարևորագույն փաստաթղթերը, Մարքսի, Էնգելսի, Լենինի գիտ. կենսագրությունները, Լ. Ի. Բրեժնևի աշխատությունները, ՍՄԿԿ պատմության, գիտ. կոմունիզմի, մարքս–լենինյան փիլ–յան, քադաքատնտեսության, ՍՍՀՄ և հայ ժողովրդի պատմության վերաբերյալ բազմաթիվ գրքեր, Սովետական Միության մարշալներ Գ. Ժուկովի, Ա. Վասիլևսկու, Կ. Ռոկոսովսկու, Հ. Բաղրամյանի, Ի. Կոնևի, Կ. Մերեցկովի, Ա. Գրեչկոյի և ուրիշների հուշագրությունները: 1979–ին «Հ.» լույս է ընծայել 201 անուն հրատարակություն` ավելի քան 1,3 մլն տպաքանակով:
Հ. Ղազարյան
