Jump to content

ՀՍՀ/«ՀԱՅԱՍՏԱՆ» ՇԱԲԱԹԱԹԵՐԹ

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից

«ՀԱՅԱՍՏԱՆ», քաղաքական, բանասիրական և առևտրական շաբաթաթերթ: Լույս է տեսել Կ. Պոլսի Հայոց պատրիարքարանի հսկողությամբ, 1846–52–ին, Կ. Պոլսում: Խմբագիրներ` Հ. Չամուռճյան, Մ. Ադաթոն: Արևմտահայ անդրանիկ պաշտոնական հրատարակությունը: Հակառակ առաջին խմբագրի ջանքերի` պահպանողական դիրքերից թերթը ծառայեցնել եկեղեցուն օսմանյան պետության շահերին, նրա հեռանալուց հետո (1848–ին) «Հ.»–ում արտացոլվեցին XIX կեսերի Արևմտյան Հայաստանի հասարակական–քաղ. առաջադիմական իրադարձություններն ու տեղաշարժերը: Տպագրել է հոդվածներ եվրոպական ազատագրական շարժումների (1848–49–ի հունգարական հեղափոխության), տնտեսագիտության, առևտրի կազմակերպման և այլ հարցերի շուրջ: Քաջալերել է կրթական, բարեգործական և լուսավորական միտումով ստեղծված ընկերությունների ու կազմակերպությունների գործունեությունը: «Ազգային» խորագրի տակ հրատարակել է նյութեր Թանզիմաթի, Ազգային ժողովի և Համազգյաց ընկերության աշխատանքների, Հայաստանյայց և հայ կաթոլիկ եկեղեցիների բախումների մասին: Արժեքավոր են Ն. Զորայանի հողվածները` նվիրված կրթական կայուն համակարգին, գիտական մանկավարժությանը, կանանց դաստիարակությանը, թատրոնին: «Հ.»–ին աշխատակցել են Մ. Վիչենյանը (Սերվիչեն), Գ. Աղաթոնը, Գ. Աթիմարաճյանը և ուրիշներ: 1850–52–ին (Հ. Չամուռճյանի վերադարձից հետո) թերթը վերստին պահպանողական ուղղություն ստացավ:

Վ. Ղուկասյան