Jump to content

ՀՍՀ/«ՀԱՅԱՍՏԱՆԻ ԿՈՉՆԱԿ»

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ԿՈՉՆԱԿ», քաղաքական, տնտեսական, գրական–գեղարվեստական և կրոնա–բարոյական շաբաթաթերթ (1960–ից` ամսաթերթ): Լույս է տեսել 1900–68–ին, Բոստոնում և Նյու Յորքում (1909–ից): Խմբագիրներ` Հ. Ալեն, Մ. Պաղտասարյան, Ի. Պեննեյան, Հ. Ավազյան, Ա. Պետիկյան: Թերթն օժանդակել է գաղութահայությանը հոգալու իր նյութական կարիքները, վառ պահելու հայրենասիրական զգացումները: Կարևոր դեր է կատարել 1890–ական թթ. վերջերի հայկ. կոտորածներից հետո Ամերիկայում և այլ վայրերում ապաստանած գաղթականների ազգապահպանության գործում: Պարբերականը ողջունել է սովետական կարգերի հաստատումը Հայաստանում, լուսաբանել նրա տնտեսության, արդյունաբերության և մշակույթի զարգացումն ու վերելքը: Հայրենական մեծ պատերազմի տարիներին «Հ. կ.» անվերապահորեն կանգնել է սովետական ժողովրդի կողմը: Ունեցել է իրավաբանական–օրենսդրական ծանոթությունների և խորհրդատվությունների բաժին: «Հ. կ.» նյութեր է տպագրել նաև երեխաների և կանանց համար: 1900–1919–ին լույս է տեսել «Կոչնակ»,1919–20–ին` «Կոչնակ Հայաստանի» անվանումներով:

Բ. Հովակիմյան