ՀՍՀ/«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՕԳՆՈՒԹՅԱՆ ԿՈՄԻՏԵ»
«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՕԳՆՈՒԹՅԱՆ ԿՈՄԻՏԵ» (ՀՕԿ), հասարակական կազմակերպություն: Հիմնադրվել է 1921–ի սեպտ. 13–18–ին, Երևանում (օրինականացվել է ՀՍՍՀ ժողկոմխորհի սեպտ. 15–ի դեկրետով): Հիմնադիր ժողովում քննարկվել են ՀՕԿ–ի խնդիրները, նպատակը, կանոնադրական, կազմակերպչական և այլ հարցեր: Ընտրվել է ՀՕԿ–ի նախագահություն` 9 հոգուց (Հ. Թումանյան, Ե. Թաղիանոսյան, Ա. Երզնկյան, Դ. Տեր–Սիմոնյան, Ա. Պապովյան, Հ. Մելիքյան, Կ. Տեր–Օհանյան, Գ. Վարդանյան, Լեո): Կենտրոնական վարչության նախագահ ընտրվեց ՀՍՍՀ հողժողկոմ Ա. Երզնկյանը: ՀՕԿ–ի խնդիրն էր օգնել Հայաստանի սովյալ բնակչությանը, օժանդակել երկրի շինարարությանը, սերտ կապ հաստատել գաղութահայ աշխատավորների ու Խորհրդային Հայաստանի միջև, նրանց մասնակից դարձնել սոցիալիստական շինարարությանը: 1922–ի հունվարին ՀՍՍՀ ժողկոմսովետը հաստատեց ՀՕԿ–ի մշակած ստատուտը, որով նվիրատվություններ (դրամ, հագուստ, մթերք) հավաքելու իրավունք էր վերապահվում ինչպես ՀՍՍՀ–ում, նույնպես և սփյուռքում: ՀՕԿ–ի հիմնադիր ժողովից հետո ստեղծվեցին տեղական մասնաճյուղեր ՍՍՀՄ հայաշատ քաղաքներում, 1924–25–ին` Հունաստանում, Բուլղարիայում, Ռումինիայում, Ֆրանսիայում, Անգլիայում, Ամերիկայում, Պարսկաստանում, Գերմանիայում, Ալժիրում և այլուր: ՀՕԿ–ի 200 մասնաճյուղերում ընդգրկված էր 10 000 անդամ: ՀՕԿ–ի վարչությունը հատուկ կոչով դիմեց տարբեր երկրներում ապրող հայերին` օգնության խնդրանքով: 1923–27–ին ՀՕԿ–ը նպաստեց Ալեքսանդրապոլի մանվածքային ֆաբրիկայի հիմնադրման, Ղափանի պղնձահանքերը վերականգնելու, Երևանի ու Արարատի երկաթուղային կայարանները կառուցելու, Շիրակի ու Էվջիլարի ջրանցքները անցկացնելու գործին, հանրապետության մշակութային կյանքի առաջընթացին: ՀՕԿ–ի և նրա սփյուռքահայ մասնաճյուղերի օգնությամբ 1922– 1938–ին հայկական ՍՍՀ, ներգաղթեցին մոտ 60 հզ. հայեր: Արտասահմանյան մասնաճյուղերը զգալի գումարներ տրամադրեցին նոր ավաններ հիմնադրելու, ներգաղթողների համար բնակարաններ կառուցելու գործին: Սովետական Հայաստանի մասին սփյուռքահայությանը ճշմարիտ ինֆորմացիա և բուրժուա–ազգայնական կուսակցություններին հակահարված տալու գործում կարևոր դեր կատարեցին նաև ՀՕԿ–ի պարբերականներն ու այլ հրատարակությունները, մշակութային միությունները, գրադարանները, ակումբները, թատերական և ինքնագործ խմբերը: ՀՕԿ–ը լուծարքի ենթարկվեց ՀՍՍՀ ժողկոմսովետի 1937–ի դեկտ. 3–ի որոշմամբ, որը պայմանավորված էր նրանով, որ ՀՍՍՀ–ը ՍՍՀՄ ժողովուրդների եղբայրական ընտանիքում հաղթահարել էր նյութական–տնտեսական դժվարությունները և վերածվել զարգացած ինդուստրիալ հանրապետության և այլևս դրսի օգնության կարիքը չէր զգում:
Գրկ. Վարդապետյան U., Հայաստանի օգնության կոմիտե (ՀՕԿ, 1921 – 1937), Ե., 1960: Հայ ժողովրդի պատմություն, հ. 7, Ե., 1967: Ռ. Գրիգորյան
