ՀՍՀ/«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՖԻԶԿՈՒԼՏՈՒՐՆԻԿ»
«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՖԻԶԿՈՒԼՏՈՒՐՆԻԿ», երկօրյա մարզական թերթ (մինչև 1966–ը` եռօրյա): ՀՍՍՀ Մինիստրների խորհրդին առընթեր ֆիզիկական կուլտուրայի և սպորտի կոմիտեի, ՀԱՄԽ–ի և ՀՍՍՀ ԴՕՍԱԱՖ–ի Կենտրոնական կոմիտեի օրգան: Լույս է տեսնում 1956–ից, Երևանում: Խմբագիրներ` Մ. Թութխալյան, Վ. Մարտիկյան, Ս. Նազարյան, Թ. Կճոզյան (1980–ից): Լուսաբանում է ՀՍՍՀ մարզական կյանքը, պրոպագանդում ֆիզկուլտուրան և սպորտը: Ուշադրության կենտրոնում է պահում կոմունիստական դաստիարակությանը, ֆիզկուլտուրայի և սպորտի մասսայականությանը, աշխատավորության ակտիվ հանգստի կազմակերպմանը, սպորտի զարգացմանը նվիրված հարցերը: Նպաստում է երիտասարդությանը ինտերնացիոնալ և հայրենասիրական ոգով դաստիարակելուն: Անդրադառնում է ՍՍՀՄ և համաշխարհային սպորտի կարևոր իրադարձություններին: «Հ. ֆ.» աջակցում է մարզական վարպետության բարձրացման գործին, օգնում հանրապետությունում մարզական տարբեր միջոցառումների նախապատրաստմանը և անցկացմանը, ՊԱՊ համալիրի նորմատիվների հանձնմանը: «Մարզական պեղումներ խորագրով ներկայացնում է Հայաստանի մարզական կյանքի տարեգրությունը հնագույն ժամանակներից մինչև մեր օրերը: Թերթի խմբագրությունը նախաձեռնում և կազմակերպում է տարբեր մարզաձևերից մրցաշարեր և գավաթի խաղարկումներ, աչքի ընկած հեղինակներին շնորհում «Մարզական գրիչ» մրցանակ: Ունի «Մասնագետի ամբիոն», «Երախտավորները», «Մարզիչ–մանկավարժներ», «Մարզական կառույցները հսկողության տակ» խորագրերով հոդվածաշարեր: Տպագրում է մարզական թեմաներով կարճ պատմվածքներ, ակնարկներ, վիկտորինաներ և ժամանցներ:
