ՀՍՀ/«ՀԱՅԵԼԻ» ՇԱԲԱԹԱԹԵՐԹ
«ՀԱՅԵԼԻ», գեղարվեստական–երգիծական պատկերազարդ շաբաթաթերթ: Լույս է տեսել 1906–07–ին, Թիֆլիսում: Խմբագիրներ` Բ. Ճեպեյան, Վ. Պետրոսյան: Քննադատել ու ծաղրել է կենցաղում և հասարակական հարաբերություններում տեղ գտած թերությունները: Ֆելիետոններով, երգիծական պատմվածքներով ու ծաղրանկարներով պայքարել է դաշնակցության և կադետների դեմ, մերկացրել Պետական դումայի գործունեությունը, կրոնի սպասավորների վարքը: Անդրադարձել է ժամանակի քաղ. իրադարձություններին, լուսաբանել գավառի կյանքը: «Գեղարվեստական էջեր» խորագրի տակ տպագրել է Շ. Կուրղինյանի, Վտարանդիի (Ա. Չարըգյան), Ս. Սաֆարյանի, Վ. Տիրացյանի, Մ. Տեր–Սիմոնյանի և ուրիշների երգիծական գործերը: Աշխատակցել է նկարիչ Պ. Շիշմանյանը: Հրատարակվել է նաև «Հայելի խաբարդա», «Հայելի սատանա», «Հայելի հոպ–հոպ» վերնագրերով: 1906–ին լույս է ընծայել երկու հավելված` «Հոպ–հոպ» անվամբ:
Ե. Հարությունյան
