Jump to content

ՀՍՀ/«ՀԱՅԷԼԵԿՏՐԱԼՈՒՅՍ»

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից

«ՀԱՅԷԼԵԿՏՐԱԼՈՒՅՍ» արտադրական միավորում, Սովետական Միության էլեկտրատեխնիկական արդյունաբերության ձեռնարկությունների համախումբ: Կազմակերպվել է 1966 թվականին: Ներառնում է Երևանի էլեկտրալամպերի գործարանը (գլխամասային ձեռնարկություն), Երևանի լուսատեխնիկական գործարանը, Կիրովականի լուսատեխնիկական գործարանը (հիմնադրվել է 1966–ին) և մագնիսային ուժեղացուցիչների գործարանը (Մարալիկում): Մասնաճյուղեր ունի Գագարինում, Ղափանում, Մարտունիում, Սիսիանում: Միավորման ձեռնարկությունները գտնվում են արտադրական կոոպերացիայի մեջ: Երևանի էլեկտրալամպերի գործարանը մասնագիտացած է նորմալ լուսավորման լյումինեսցենտային և հատուկ լամպերի, լուսատեխնիկականը` լուսավորման սարքերի արմատուրայի և դրանց հավաքման, Կիրովականի և Մարալիկի ձեռնարկությունները` լուսատուների, լուսամփոփների և ցածր լարման ապարատների արտադրության ուղղությամբ: Գագարինի, Ղափանի, Մարտունու, Սիսիանի մասնաճյուղերը թողարկում են տարբեր տեսակի լուսատուներ, դրոսելներ, էլեկտրատեղակայման սարքեր, լուսատեխնիկական ապակի ևն: Ունի 28 հիմնական արտադրամաս, հատուկ կոնստրուկտորական բյուրո, տնտեսագիաական հետազոտությունների լաբորատորիա, աշխատանքի գիտական կազմակերպման բաժին: Արտադրանքն իրացվում է ՍՍՀՄ տնտ. Բոլոր շրջաններում, առաքվում արտասահմանյան 46 երկիր` Չեխոսլովակիա, Հունգարիա, Ռումինիա, Ճապոնիա, Անգլիա, Իտալիա ևն: Միավորման բազայի վրա ստեղծվել են վակուումային պրոֆտեխնիկական No 9 ուսումնարանը և Երևանի էլեկտրատեխնիկական տեխնիկումը: Լույս է ընծայում էլեկտրալամպերի գործարանի կուսկոմիտեի, ԼԿԵՄ կոմիտեի և «Հ.» միավորման դիրեկցիայի ու արհկոմի օրգան «Իլյիչի լամպեր» շաբաթաթերթը(1961–ից): 1971–ին պարգևատրվել է Աշխատանքային կարմիր դրոշի շքանշանով: