ՀՍՀ/«ՀԱՅԷԼԵԿՏՐԱՇԱՐԺԻՉ»
«ՀԱՅԷԼԵԿՏՐԱՇԱՐԺԻՉ» արտադրական միավորում, Սովետական Միության էլեկտրատեխնիկական արդյունաբերության ձեռնարկությունների համախումբ: Կազմակերպվել է 1969 թվականին: Ներառում է Երևանի «Էլեկտրաշարժիչ» (գլխամասային ձեռնարկություն) և Էլեկտրատեխնիկական գործարանները, Լենինականի «Միկրոէլեկտրաշարժիչ» և «Մագնիտոպրովոդ» (հիմնադրվել է 1978–ին), Գորիսի «Միկրոշարժիչ» գործարանները, էլեկտրամեխանիկայի համամիութենական ԳՀԻ–ի (ԷՀԳՀԻ) Երևանի բաժանմունքը (1971–ին): Արտադրական միավորումը մասնաճյուղեր ունի Հայկական ՍՍՀ տարբեր շրջաններում, կոնստրուկտորական, տեխնոլոգիական, տնտեսագիտական հետազոտությունների, աշխատանքի գիտական կազմակերպման բաժիններ, նաև ուսումնական կոմբինատ` փորձա–արտադրական բազայով: Արտադրում է 0,25–ից մինչև 100 կվտ հզորության փոփոխական հոսանքի առաջին եզրաչափի և փոքր հզորության էլեկտրաշարժիչներ, ժող. սպառման ապրանքներ: Դրանք իրացվում են ՍՍՀՄ–ում, առաքվում արտասահմանյան 53 երկիր` Լեհաստան, ԳԴՀ, Հունգարիա, Անգլիա, Կանադա, Բրազիլիա և այլուր: Գործում են կուլտուր–կենցաղային և հանգստի օբյեկտներ:
