ՀՍՀ/«ՀԱՅԾԽԱԽՈՏԱՐԴ»
«ՀԱՅԾԽԱԽՈՏԱՐԴ», Հայաստանի ծխախոտի արտադրական միավորում, ՀՍՍՀ սննդարդյունաբերության մինիստրության ձեռնարկությունների և կազմակերպությունների համախումբ: Կազմակերպվել է 1970–ին` ծխախոտի արդ. տրեստի բազայի վրա, ներառել Երևանի, Իջևանի, Շամշադինի, Սևանի, Գորիսի ֆերմենտացիոն գործարաններն ու 16 մթերակայան (Աբովյանի, Ազիզբեկովի, Եղեգնաձորի, Թումանյանի, Նոյեմբերյանի, Վարդենիսի ևն): 1977–ին վերակազմավորվել է, ընդգրկել նաև Երևանի ծխախոտի կոմբինատը (այժմ` ծխախոտի ֆաբրիկա, որը միավորում է տեղի ֆերմենտացիոն գործարանը): ՍՍՀՄ–ում առաջինն արմատավորել է արդյունավետ եղանակով (տոնգո) ծխախոտի մշակումն ու հակավորումը: Միավորումը ՀՍՍՀ սովետական և կոլեկտիվ տնտեսություններից տարեկան գնում ու վերամշակում է 17,9 հզ. տ ծխախոտ, թողարկում 11 մլրդ սիգարետ և գլանակ, 7,5 մլրդ ացետատային զտիչ ծխափող, 6 հզ. տ ֆերմենտացված ծխախոտ` մոտ 40 անվանացանկով (1977): Արտադրում է ՍՍՀՄ–ում թողարկվող ֆերմենտացված ծխախոտի 8,5, գլանակների ու սիգարետների 10–12, ացետատային զտիչ ծխափողերի 90, ՀՍՍՀ սննդարդյունաբերության համախառն արտադրանքի 15–ը: Ֆերմենտացված ծխախոտն ու գտիչ ծխափողերն առաքվում են ՍՍՀՄ ծխախոտի գրեթե բոլոր գործարանները, իսկ գլանակներն ու սիգարետները` առևտրական 170 կազմակերպություն: Տնտ. կապերի մեջ է ՍՍՀՄ, ՏՓԽ–ի բոլոր, կապիտալիստական մի շարք երկրների ձեռնարկությունների ու կազմակերպությունների հետ:
Գ. Ղարաքեշիշյան
