ՀՍՀ/«ՀԱՅԿԱԿԱՆ ԱՇԽԱՐՀ»
«ՀԱՅԿԱԿԱՆ ԱՇԽԱՐՀ», գրական, մանկավարժական, կրոնական ամսագիր: Լույս է տեսել 1864–71, 1874–79–ին, Թիֆլիսում, Գանձակում, Բաքվում, Երևանում: Խմբագիր–հրատարակիչ` Խորեն Ստեփանե (Ստեփան Ստեփանյան): Ծանոթացրել է ժամանակի գրական նորույթներին, տպագրել նյութեր Հայաստանի պատմության, աշխարհագրության, հայոց լեզվի և գրականության վերաբերյալ, նպաստել դպրոցական գործի զարգացմանը: Տեսական–մեթոդական հոդվածներով օժանդակել և ուղղություն է տվել հայ մանկավարժներին, պրոպագանդել կանանց կրթության և դաստիարակության գործը: Թարգմանաբար ներկայացրել է ռուս առաջադեմ մտածողների (Ն. Կորֆ, Վ. Բելինսկի, Ն. Դոբրոլյուբով, Դ. Պիսարև) մանկավարժական հայացքները: Ամսագրում տեղ են գտել Գ. Արծրունու հոդվածներն ու հաղորդումները, Մ. Պեշիկթաշլյանի, Պ. Մադաթյանի (Սեյադ) բանաստեղծությունները, ռուս և եվրոպացի հեղինակների գործերից: «Հ. ա.» լայն տեղ է հատկացրել կրոնական–եկեղեցական բնույթի հոդվածներին, շեշտել կրթված հոգևորականներ ունենալու անհրաժեշտությունը: Աշխատակցել են մանկավարժներ Ջ. Գրիգորյանը, Ռ. Հասան–Ջալալյանը, Հ. Քուչուբեկյանը, Հ. Առաքելյանը և ուրիշներ: 1864–65–ին կոչվել է «Հայկական աշխարհի կռունկ»: Շարունակությունն է «Կռունկ հայոց աշխարհի» ամսագրի:
Մ. Մխիթարյան
