Jump to content

ՀՍՀ/«ՀԱՅԿՈՈՊ»

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից

«ՀԱՅԿՈՈՊ», Հայաստանի սպառողական ընկերությունների միություն, հասարակական կազմակերպություն ՍՍՀՄ «Ցենտրոսոյուզի» կազմում. ՀՍՍՀ սպառողական կոոպերացիայի ղեկավար, կազմակերպիչ և տնտեսական կենտրոն: Պլանավորում է սպառողական կոոպերացիայի տնտ. գործունեությունը, կազմակերպում գյուղական բնակչությանը սպառողական ընկերությունների մեջ ընդգրկելու աշխատանքը, ապահովում սպառողական ընկերություններում կոոպերատիվ դեմոկրատիայի սկզբունքների պահպանումը, ներկայացնում ու պաշտպանում սպառողական կոոպերացիայի շահերը ևն: «Հ.»–ի բարձրագույն մարմինը լիազորների համագումարն է: Լիազորներն ընտրվում են փայատերերի տեղամասային ժողովներում: Համագումարն ընտրում է «Հ.»–ի խորհուրդ, վերջինս` «Հ.»–ի վարչություն և վերստուգիչ հանձնաժողով: Արևելյան Հայաստանում սպառողական կոոպերատիվ ընկերությունները ձևավորվել են XIX դ. վերջին –XX–ի սկգբներին: Սպառողական առաջին ընկերությունը («Էկոնոմիա») հիմնվել է 1898–ին` Երևանի թեմական դպրոցի մի խումբ ուսուցիչների, արհեստավորների, առևտրական տների գործակատարների, մանր վաճառականների ջանքերով: Հետագայում կազմակերպել են նաև Մեղրիում (1901), Վաղարշապատում (այժմ` Էջմիածին, 1903), Ալեքսանդրապոլի (Լենինականի) գավառի Թոմարտաշ (Վարդաքար, 1905), Երևանի գավառի Ղամարլու (Արտաշատ, 1907), Ղազախի գավառի Ջարխեջ (Կույբիշև, 1908) և Շարուր–Դարալագյազի գավառի Խանլուխլար (1909) գյուղերում: Առաջին համաշխարհային պատերազմի տարիներին նոր ընկերություններ են հիմնվում Երևանում, Էջմիածնի, Նախիջևանի, Շարուր–Դարալագյազի, Նոր Բայազեդի (Կամո), Ալեքսանդրապոլի և Սուրմալուի գավառներում: 1917–ի վերջերին դրանց թիվը հասնում է 270–ի: 1919–ի հոկտեմբերին, Երևանի «Էկոնոմիա» ընկերության ղեկավար գործիչներ` գյուղագիր Արշակ Շահնազարյանի և բժիշկ Արամ Տեր–Գրիգորյանի նախաձեռնությամբ կազմակերպվում է «Երևանի նահանգի սպառողական ընկերությունների միությունը», որը նպաստում է կոոպերատիվ շարժմանն ու նոր կոոպերացիաների ստեղծմանը: Սակայն 1918–19–ի քաղ. և ռազմ. անցուդարձերի հետևանքով փակվում է 225 սպառողական ընկերություն: 1919–ի հունիսի 28–ին, «Երևանի նահանգի սպառողական ընկերությունների միության» լիազորների 11 համագումարում միությունը վերանվանվում է «Հ.»: Հայաստանում սովետական իշխանության հաստատումից հետո կոոպերացիան վերածվում է քայքայված երկրի վերաշինության հզոր լծակի: «Հ.» կառավարությունից ստանում է ապրանքների ներմուծման ու փոխադրման մենաշնորհ իրավունք և Մոսկվայում, Խարկովում, Բաքվում, Բաթումում, Էնզելիում, Թավրիզում հիմնած գրասենյակների միջոցով ներմուծում է սպառման ապրանքներ և գյուղատնտ. մեքենաներ: 1923–ին ՀՍՍՀ կոոպերացիաների առաջին համագումարը նախատեսում է զարգացնել մանրածախ առևտուրը, կոոպերացիաները կազմակերպել ինտեգրալ սկզբունքով` սպառողականի հետ իրականացնել նաև վարկային ու արտադրա–գյուղատնտեսական կոոպերացիայի ֆունկցիաներ: «Հ.» տնտ. գործունեությունից բացի 1920–ական թթ. զբաղվել է կուլտուր–լուսավորական աշխատանքով, կազմակերպել է գյուղի կինոֆիկացումն ու ռադիոֆիկացումը, կինոմեխանիկների և ռադիոտեխնիկների առաջին դասընթացը, 1927–ին հիմնադրել ՀՍՍՀ–ում առաջին տեխնիկումներից մեկը` Երևանի կոոպերատիվ տեխնիկումը: 1919–20–ին և 1923–25–ին հրատարակել է «Հայաստանի կոոպերացիա», 1927– 1928–ին` «Կոոպերացիա» ամսագրերը: «Հ.» գյուղատնտ. արտադրանքի մթերման ՀՍՍՀ խոշորագույն կազմակերպություններից է, ունի նյութատեխնիկական հզոր բազա: 1980–ին միավորում էր 8,5 մլն փայատիրական ֆոնդով 455 հզ. փայատեր: «Հ.»–ի առևտրական ցանցը ընդգրկում է մոտ 200 մեծածախ բազա ու պահեստ, 3155 մանրածախ և հասարակական սննդի 1817 ձեռնարկություն:

Գրկ. Պիճիկյան Գ., Պատմություն Հայաստանի սպառողական կոոպերացիայի, Ե.,1927: Կարագյան Կ. Պ., Սպառողական կոոպերացիայի ծագումը և զարգացումը Հայաստանում, Ե., 1957: Կ. Կարագյան