Jump to content

ՀՍՀ/«ՀԱՅԿ ԵՎ ԲԵԼ»

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից

«ՀԱՅԿ ԵՎ ԲԵԼ», առասպելաբանական հնագույն վեպ հայ հին բանահյուսության մեջ: Պահպանվել է Մովսես Խորենացու և Սեբեոսի պատմություններում: «Հ. և Բ.» տիեզերական առասպելից ավանդավեպի փոխարկվելու հնամենի նմուշ է, որի ենթահիմքում ընկած է լույսն ու գարունը խորհրդանշող աստվածային աղեղնավորի պայքարն ընդդեմ խավարն ու ձմեռը մարմնավորող բռնակալի: Առասպելը, պատմականանալով, կապվել է հայկական ցեղերի կամ նախահայերի և նրանց հարավային հարևանների (ասորեստանցիներ կամ բաբելացիներ) թշնամական հարաբերությունների հետ, վերածվել դյուցազնավեպի: Աղեղնավորը դարձել է հայ ցեղի նախնի` Հայկ, իսկ բռնակալը` սեմական ժողովուրդների արեգակնային աստված կամ Ասորեստանի թագավոր Բել: Վերջինս հպատակեցնում է բոլոր հսկաներին ու ժողովարդներին: Հայկը չի ենթարկվում: Նա իր տոհմով Բաբելոնից գալիս է Արարադ երկիրը, հնազանդեցնում բնիկներին, ապա անցնում Հարք, հիմնում իր անունով բնակավայր` Հայկաշեն և բնակվում այնտեղ: Տիտանյան Բելը դեսպան է ուղարկում Հայկի մոտ` առաջարկելով հնազանդություն և խաղաղություն: Հայկը մերժում է, և Բելը մեծ զորքով մտնում է Արաբադ երկիրը: Ճակատամարտում Հայկն իր երեքթևյան նետով սպանում է Բելին: Ըստ վեպի` Հայկից սերում են հայերը, իսկ նրա բնակած երկիրը կոչվում է Հայք: Կռվի վայրը Հայկն անվանում է Հայոց ձոր: Իբրև հայերի նախնի Հայկը սերտ հարաբերության մեջ է դրվել աստղերի հետ` պահպանելով իր սկզբնական տիեզերական առասպելական կերպարի հատկանիշները: Օրիոն համաստեղությունը հայոց մեջ կոչվել է Հայկ (Խեյք, Խեք), իսկ Օրիոնը հունական դիցաբանության մեջ ևս հսկա որսորդ աղեղնավոր է: Ենթադրվում է, որ հայկական ամսանունները (հայոց հին տոմարով) Հայկի ուստրերի և դուստրերի անուններն են:

Գրկ. U բեղյան Մ., Երկեր, հ. 1, Ե.,1966, էջ 38–53: Գրիգորյան Գ., Հայժող. վիպերգերը և պատմական երգային բանահյուսությունը, գիրք 1, Ե., 1972, էջ 97 –144: Մ. Հարությունյան