ՀՍՀ/«ՀԱՅՀԱՄԵՐԳ»
«ՀԱՅՀԱՄԵՐԳ», համերգային–հյուրախաղային միավորում: Կազմակերպվել է 1976–ին, Երևանում, ՀՍՍՀ կուլտուրայի մինիստրության համակարգում: Նպատակն է` միավորել հանրապետության պրոֆեսիոնալ երաժշտական կոլեկտիվները, համերգներին տալ ծրագրված, մասշտաբային բնույթ: «Հ.» գործունեությունը ծավալում է ոչ միայն համերգների ձևով, այլև կազմակերպում համերգ–ներկայացումներ, թատերականացված տոնահանդեսներ, ուր հանդես են գալիս սովետական կինոյի, թատրոնի և էստրադայի նշանավոր մենակատարներ ու խմբեր: Գյուղի աշխատավորության կուլտուրական սպասարկման համար «Հ.»–ի նախաձեռնությամբ հանրապետության կոլտնտեսություններում և սովխոզներում բացվել են միավորման մասնաճյուղեր, պարբերաբար ելույթներ են ունենում նաև արտասահմանյան պրոֆեսիոնալ երաժշտական խմբեր ու մենակատարներ: Միավորումն ընդգրկում է 22 կոլեկտիվ (1979), այդ թվում` Հայկական ժողովրդական երգի–պարի անսամբլը, Հայաստանի սիմֆոնիկ նվագախումբը, Կոմիտասի անվան կվարտետը, Հայաստանի կամերային անսամբլը, Հայկական ժող. Գործիքների նվագախումբը, վոկալգործիքային անսամբլներ: «Հ.»–ի գլխավոր դիրեկտորը և գլխավոր ռեժիսորն է Գ. Ասատրյանը, գեղարվեստական ղեկավարը` Ա. Հարությունյանը:
Կ. Մկրտչյան
