ՀՍՀ/«ՀԱՅՀԱՍՏՈՑ»
«ՀԱՅՀԱՍՏՈՑ», գիտաարտադրական հաստոցագործիքաշինական միավորում: Ստեղծվել է 1978–ին, Երևանում: «Հ.»–ի կազմի մեջ են մտնում Մետաղահատ հաստոցների փորձարարական ինստիտուտի անդրկովկասյան մասնաճյուղը (միավորման գլխամասային կազմակերպություն), Երևանի փորձնական հաստոցաշինական գործարանը և «Հայմեքշինգիտինստիտուտը»: ՀԱՅ–ՀՈՆԱԿԱՆ ԴԱՇԻՆՔ 450, ռազմական դաշինք, կնքվել է հայերի և հոների միջև ընդդեմ Սասանյան Պարսկաստանի: Խաղխաղի ճակատամարտի հաղթական ելքից հետո, հայ–աղվանական ուժերը, սպարապետ Վարդան Մամիկոնյանի առաջնորդությամբ, գրավեցին Ճորա պահակը և ոչնչացրին պարսկ. կայազորը: Վարդան Մամիկոնյանը Ճորա պահակի ռազմ. հսկողությունը հանձնարարեց Աղվանից իշխան Վահանին, որը և փոխօգնության դաշինք կնքեց Կովկասյան մեծ լեռնաշղթայի հս–արլ. շրջաններում հաստատված հոների (նույնպես ենթարկված Սասանյանների հարձակումներին) հետ: Սակայն հոները հայերին օգնեցին միայն Ավարայրի ճակատամարտից (451) հետո, երբ պարսկ. զորքերին դիմադրող հայ իշխանները վերստին դիմեցին նրանց: Վերջիններս, ավերելով նորից պարսիկներին անցած Ճորա պահակի ամրությունները, ասպատակեցին Պարսից տերության սահմանները և վերադարձան մեծ ավարով ու գերիներով: Եղիշեն գրում է, որ Պարսից արքունի ատյանը հոների այդ արշավանքի մեղադրանքը նույնպես բարդեց Հայոց մարզպան Վասակ Սյունու վրա:
Գրկ. Եղիշե, Վարդանի և Հայոց պատերազմի մասին, Ե., 1971:
