ՀՍՀ/«ՀԱՅՈՑ ԱԶԳԱԳՐԱԿԱՆ ԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆ»
«ՀԱՅՈՑ ԱԶԳԱԳՐԱԿԱՆ ԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆ», հիմնվել է 1906–ի մայիսի 16–ին, Թիֆլիսում, Ե. Լալայանի նախաձեռնությամբ: Նպատակն էր` ընդլայնել ազգագրական և մարդաբանական աշխատանքներն Անդրկովկասում և կից երկրներում: Հ. ա. ը–յան նախագահը եղել է U. Մելիք–Ազարյանը, անդամ–քարտուղարը, միաժամանակ խմբագրական մասնաժողովի նախագահը և գիտական ղեկավարը` Ե. Լալայանը: Ընկերության ֆինանսական միջոցները գոյացել են անդամավճարներից, նվիրատվություններից, ընկերության օգտին տրված համերգներից, երեկույթներից, դասախոսություններից, գրքերի ու պարբերականների վաճառքից ստացված գումարներից: Հ. ա. ը–յան գործերը վարել էն ընդհանուր ժողովը (հրավիրվել է տարին մեկ անգամ), խորհուրդը և խմբագրական մասնաժողովը: Հ. ա. ը. իր ճյուղերն ուներ Երևանում, Ալեքսանդոապոլում, Կարսում, Նոր Բայազետում և այլուր: Հ. ա. ը. իր գոյության ավելի քան 10 տարիների ընթացքում կազմակերպեց գիտական արշավախմբեր, որոնք ազգագրական և հնագիտական ուսումնասիրություններ կատարեցին Անդրկովկասի և Արևմտյան Հայաստանի մի շարք շրջաններում: Ընկերության ջանքերով հրատարակվեց «Ազգագրական հանդես»–ի շուրջ 20 գիրք, կազմվեցին Վայոց ձորի, Նոր Բայագետի, Վասպուրականի հուշարձանների ալբոմները, վասպուրականի հայերեն ձեռագրերի ցուցակը, Թիֆլիսում ստեղծվեց հնագիտական և ազգագրական թանգարան, ազգագրական մարդաբանական և կովկասագիտական գրադարան (1908), Արևմտյան Հայաստանից Անդրկովկաս գաղթած հայերից գրի առնվեց մոտ 50 հատոր բանահյուսական նյութ: Կ. Մելիք–Փաշայան
