ՀՍՀ/«ՀԱՅՐԵՆԱՍԵՐ» ՇԱԲԱԹԱԹԵՐԹ ԶՄՅՈՒՌՆԻԱ
«ՀԱՅՐԵՆԱՍԵՐ», քաղաքական, բանասիրական և առևտրական շաբաթաթերթ, 1845–ից` երկշաբաթաթերթ: Արագածոտնյաց մշակութային ընկերության հրատարակություն: Լույս է տեսել 1843–1846–ին, Զմյուռնիայում: Խմբագիր` Խ. Մելիքսելումյանց: Տպագրել է լուրեր, առևտրական ծանուցումներ, բարոյախոսական զրույցներ, հատվածներ պատմա–ուղեգրական երկերից, գրական–գեղարվեստական, թարգմանական գործեր: Մասնավորապես լույս է ընծայել հատվածներ Մ. Թաղիադյանի օրագրից` Արևելյան Հայաստանի ազատագրության համար զոհված ռուս մարտիկների պատվին Էջմիածնում հուշարձան կառուցելու մասին, տեղեկություններ ռուսահայ կյանքից, հնդկահայ գաղութից: Խուսափելով կառավարությանը քննադատելուց և կրոնական խնդիրներ արծարծելուց` բավարարվել է գաղութի հարուստ վերնախավի արատների մատնանշմամբ: Ծանոթացրել է նաև ժամանակի գիտական հայտնագործություններին: «Հ.» հալածվել և արգելքների է հանդիպել լեզվի, կրթության, լուսավորության ևն հարցերում ունեցած ուրույն դիրքորոշման համար: Թերթի լեզուն աշխարհաբար է:
Մ. Հակոբյան
