Jump to content

ՀՍՀ/«ՀԱՅՐԵՆԱՍԵՐՆԵՐԻ ՄԻՈՒԹՅՈՒՆ»

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից

«ՀԱՅՐԵՆԱՍԵՐՆԵՐԻ ՄԻՈՒԹՅՈՒՆ», հայ ազգային հայրենասիրական խմբակ: Հիմնել են Մոսկվայի հայ ուսանողները` 1882–ին, Ն. Աբելյանի ղեկավարությամբ: Միությունը հրատարակել է «Ազատության ավետաբեր» անլեգալ թերթը (4 համար): «Հ. մ.»–յան նպատակը Արևմտյան Հայաստանի ազատագրումն էր թուրք. լծից: Այդ մասին ասված է «Հ. մ. յան հայտարարության մեջ: Հետևելով Մ. Նալբանդյանին և ռուս հեղափոխական, դեմոկրատներին` «Հ. մ.» պրոպագանդել է հայ ժողովրդի սոցիալական և ազգային ազատագրության, պաշտպանել ազգերի եղբայրության գաղափարը. «Մենք քարոզում ենք սերտ համերաշխություն Հայաստանում բնակվող ազգերի մեջ»,–ասված է «Ազատության ավետաբեր»–ում: Մենք հավասարաչափ հարգում ենք յուրաքանչյուր ազգի լեզուն, կրոնը և անկախությունը, եթե միայն նա չի ձգտում հարստահարել ուրիշներին, արգելք չի դառնում ուրիշների կանոնավոր զարգացմանը»: Խմբակը խիստ դատապարտել է եվրոպական երկրների երկդիմի քաղաքականությունը Արևմտյան Հայաստանի ազատագրության հարցում «Հ. մ.» արևմտահայերի ազատագրությունը կապում էր միայն զինված պայքարի և Ռուսաստանի ռազմ. օգնության հետ, հայերին կոչ էր անում հետևել հույների, բուլղարների օրինակին: Ցարական ոստիկանության հետապնդումների հետևանքով «Հ. մ.» 1884–ին դադարեց գործելուց:

Գրկ. Պարսամյան Վ., Հայ ազատագրական շարժումների պատմությունից, Ե.,1958: Վ. Պարսամյան