Jump to content

ՀՍՀ/«ՀԱՅՐԵՆԻՔ» ՕՐԱԹԵՐԹ

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից

«ՀԱՅՐԵՆԻՔ», օրաթերթ: Լույս է տեսել 1891–96–ին, Կ. Պոլսում: Խմբագրապետ` Ա. Արփիարյան, խմբագիրներ` Լ. Բաշալյան, Ե. Օտյան, Հ. Շահնազար: Շեշտված դեմոկրատական ուղղության համար հալածվել է սուլթանական կառավարության կողմից, առճակատվել հայ հետադեմ մեծահարուստների և հոգևորականության հետ: Թղթակցական լայն ցանցի առկայությունը խմբագրությանը հնարավորություն է ընձեռել ուշադրության կենտրոնում պահել և արտացոլել Թուրքիայում բնակվող հայ հատվածի հասարակական և մշակութային կյանքի իրադարձությունները, համիդյան բռնապետության պայմաններում պաշապանել նրանց շահերը: Թերթը նկատելի դեր է կատարել հայ ժողովրդի արլ. և արմ. Հատվածների փոխադարձ ծանոթացման, արևելահայերի տնտ. և հոգևոր կյանքի արտացոլման գործում, սերտ կապ պահպանել «Մշակի» և նրա խմբագիր Գ. Արծրունու հետ, տպագրել արևելահայ գրողների գործեր, Թիֆլիսից ստացված բազմաթիվ թղթակցություններ: «Հ.» ունեցել է հարուստ գրական ավանդություններ: Նրա շուրջն են համախմբվել արևմտահայ գրականության ականավոր ներկայացուցիչները (Գ. Զոհրապ, Տ. Կամսարական, Մ. Կյուրճյան, Ա. Չոպանյան և ուրիշներ): Այստեղ են տպագրվել Զոհրապի «Քոքինակի»,«Ճեյրան» նովելները, «Նարդիկ» անավարտ վեպը (1891, No No 11, 17, 20, 23, 26), «Ծանոթ դեմքեր» դիմանկարների շարքից մի քանիսը, Տ. Կամսարականի «Հայ գրականության ձգտումը» հոդվածաշարը, Լ. Շանթի «Մնաս բարովի իրիկունը» վեպը և այլ գործեր: Թերթում են գրական մկրտություն ստացել Թլկատինցին, Ա. Հարությունյանը և ուրիշներ: «Հ.» լայն տեղ է հատկացրել նաև ռուս ռեալիստական գրականությանը (Լ. Տոլստոյ, Գոնչարով, Պուշկին, Լերմոնտով և ուրիշներ), «Մծիրին» առաջին անգամ տպագրվել է այստեղ` Լ. Շանթի թարգմանությամբ (1891, No 74): Լուսաբանել է գրականության, լեզվի, մանկավարժության ևն հարցեր:

Գ. Ստեփանյան