Jump to content

ՀՍՀ/«ՀԱՅՐԵՆԻՔ» ՖԵՈԴԱԼԻԶՄ

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից

«ՀԱՅՐԵՆԻՔ», «հայրենականք», հողի նկատմամբ ֆեոդալական սեփականատիրության գերիշխող ձև միջնադարյան Հայաստանում: Համապատասխանում է արևմտաեվրոպական «ալլոդին», ռուս. «վոտչինային»: «Հ.» նախարարական տոհմի ժառանգական և լիակատար սեփականությունն էր: Այն միաժամանակ ձևավորված ֆեոդալ. իշխանություն էր` ճանաչված և հաստատագրված արքունի գահակարգում: «Հ.»–ի տեր էին դիտվում տոհմի նահապետ նախարարները, որոնք ունեին իրենց վասալ ազատները: Արշակունյաց և մարզպանական ժամանակներում նախարարը իրավասու էր ամբողջ տոհմի հողային սեփականության նկատմամբ: «Հ.» չէր բաժանվում տոհմի տարբեր ճյուղերի միջև: Հողային տիրույթների ժառանգման իրավունքը կատարվում էր ավագության սկզբունքով` ուղիղ գծով անցնելով հորից ավագ որդուն: «Հ.» նպաստում էր ֆեոդալների կենտրոնախույս հակումներին: IV դ., Արշակունիների հզորացման ժամանակ, երբ արքունիքը փորձել է սահմանափակել նախարարների իրավունքները, հանդիպել է դիմադրության: Այդ պայքարում բնաջնջվել են որոշ նախարարական տոհմեր (Բզնունի, Որդանի, Մանավագյան): Զարգացած ֆեոդալիզմի դարաշրջանում (IX– X դդ.) ավելի է ամրապնդվում «Հ.» (աղբյուրներում անվանվում է նաև «հայրենական սեփականություն» «բնիկ տերություն» ևն): «Հ.» արդեն ենթակա էր բաշխման տվյալ տոհմի բոլոր ճյուղերի միջև: Տոհմի անդամ սեպուհները ինքնուրույնանալով, ստեղծում էին նոր տոհմաճյուղ, ժառանգաբար տիրելով «Հ.»` որպես իրենց հատկացված հողատիրույթ: Նոր առաջացած տոհմաճյուղերում պահպանվում է ժառանգման իրավունքի անցումը հորից ավագ որդուն: «Հ.»–ի մի մասում ձևավորվում է ֆեոդալ. կալվածքը, մյուս` ավելի մեծ մասի վրա բնակվում են շինականները, որոնք մշակում են իրավաբանորեն ֆեոդալ–հողատիրոջ սեփականությունը կազմող իրենց հողաբաժհնը` փոխարենը վճարելով հողային ռենտա: Հաճախ ֆեոդալը ընդարձակում էր «Հ.»` ազատ համայնքների հողերի հաշվին: Սելջուկ–թուրք. ցեղերի տիրապետության պայմաններում հայ ֆեոդալները գրեթե զրկվեցին իրենց հայրենական տիրույթներից: XII դ. վերջից Զաքարյանները վերականգնեցին «Հ.» որպես հողատիրության ձև (այս շրջանում «Հ.» անվանվել է նաև «ժառանգություն», «բաժին», «հայրենաբաժին»): «Հ.» էին դիտվում նաև «քսակագին», «դրամագին» կամ «գանձագին» կալվածները, զենքի ուժով ձեռք բերված հողերը: Մոնղ. տիրապետության շրջանում հայ ֆեոդալների հայրենական տիրույթները հիմնականում պահպանվեցին` մոնղոլների համար զինվորական և վարչական ծառայություն կատարելու պայմանով: Կիլիկյան Հայաստանում հաստատված հայ իշխանների ձեռք բերած հողատիրույթները վերածվեցին «Հ.»–ի: XII–XIII դդ. Կիլիկիայում «Հ.» աճում է ապստամբ վասալների, նաև գյուղացիների հողերը բռնագրավելու միջոցով: XVI–XIX դդ. Հայաստանում «Հ.»–ին համապատասխանող հողատիրության ձև էր մուլքը:

Գրկ. Մանանդյան Հ., Ֆեոդալիզմը Հին Հայաստանում, Ե., 1934: Адонц Н., Армения в эпоху Юстиниана, Е., 1971,