Jump to content

ՀՍՀ/«ՀԱՅՖԻԼՄ»

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից

«ՀԱՅՖԻԼՄ» Հ. Բեկնազարյանի անվան, Սովետական Հայաստանի առաջին և ամենախոշոր կինոստուդիան: Կազմակերպվել է 1923–ին, Երևանում: Թողարկում է գեղ., հեռուստատեսային, մուլտիպլիկացիոն ֆիլմեր, կատարում կրկնօրինակումներ: 1923–ի ապրիլի 16–ին Հայաստանի ժողկոմխորհը որոշում է ընդունել մսանավոր կինոթատրոնների ազգայնացման և հանրապետությունում «Պետկինո»–ի հիմնադրման մասին: Նույն թվականին ստեղծվել է «Պետֆոտոկինո» բաժնետիրական ընկերությունը, որի գեղ. խորհուրդը գլխավորում էր Ա. Մռավյանը, իսկ վարչությունը` Դ. Դզնունին: Մինչև 1928–ը ընկերությունը կոչվել է կինոֆաբրիկա, ապա` «Հայկինո»: 1938–ին վերանվանվել է Երևանի կինոստուդիա, 1957–ից` «Հայֆիլմ»: 1966–ից կրում է Հ. Բեկնազարյանի անունը: 1959–ից նրա կազմից անջատվել և գործում է Հայաստանի վավերագրական ֆիլմերի կինոստուդիան: «Հ.»–ում նկարահանված առաջին ժապավենը «Խորհրդային Հայաստան» (1924, ղեկավար` Ի. Կրասլավսկի) վավերագրական ֆիլմն է: 1925–ին ստեղծել է «Նամուս» (ռեժիսոր` Հ. Բեկնազարյան) առաջին գեղ. կինոնկարը, որը համր շրջանի մի շարք կինոնկարների (Հ. Բեկնազարյանի «Զարե», «Շոր և Շորշոր», երկուսն էլ 1927, «Խասփուշ», 1928, Պ. Բարխուդարյանի «Չար ոգի», 1928, «Կիկոս», 1931, Լ. Քալանթարի և Ա. Մարտիրոսյանի «Մեքսիկական դիպլոմատներ», 1932) հետ «Հ.»–ին բերել է միութենական ճանաչում: Գործունեության հաջորդ` հնչուն կինոյի շրջանը, նշանավորվել է ազգային կինոարվեստի գլուխգործոցի` «Պեպո»–ի (1935, ռեժիսոր` Հ. Բեկնազարյան) ստեղծմամբ: Խոշոր տեղ են զբաղեցրել պատմահեղափոխական թեմայով ֆիլմերը` «Կարո» (1937, ռեժիսոր` Ա. Հայ–Արտյան), «Զանգեզուր» (1938, ռեժիսոր` Հ. Բեկնազարյան, ՍՍՀՄ պետ. մրցանակ, 1941), «Սևանի ձկնորսները» (1938, ռեժիսորներ` Գ. Մարինոսյան, Ն. Դուկոր), «Լեռնային արշավ» (1939, ռեժիսոր` Ս. Կևորկով) ևն: Հայրենական մեծ պատերազմի տարիներին նկարահանված լավագույն ֆիլմերից են` «Դավիթ Բեկ» (1944, ռեժիսոր` Հ. Բեկնազարյան), գեղ. և «Երկիր հայրենի» (1945, ռեժիսորներ` Գ. Բալասանյան, Հ. Զարգարյան, Լ. Իսահակյան, գեղ. ղեկավար` Ա. Դովժենկո) վավերագրական ֆիլմերը: Ետպատերազմյան առաջին տասնամյակում «Հ.»–ում հիմնականում ստեղծվել են փաստավավերագրական ֆիլմեր: 1954–61–ին ստուդիան, վերսկսելով գեղ. ֆիլմերի արտադրությունը, թողարկել է առավելապես արդիականությանը նվիրված շուրջ 30 կինոնկար: Այդ տարիներին ավագ սերնդի ռեժիսորներ Ս. Կևորկովի, Է. Քարամյանի, Ա. Հայ–Արտյանի, Ա. Մարտիրոսյանի հետ առաջին ինքնուրույն աշխատանքներով հանդես են եկել Լ. Վաղարշյանը, Յու. Երզնկյանը, Գ. Մելիք–Ավագյանը, Հ. Մալյանը, Հ. Մարգարյանը, Ա. Մանարյանը, ավագ և միջին սերնդի օպերատորներ Դ. Ֆելդմանը, Գ. Բեկնազարյանը, Ս. Գևորգյանը, Ի. Դիլդարյանը, Ժ. Վարդանյանը, Ա. Ջալալյանը: Այդ շրջանի ուշագրավ ֆիլմերից են` «Ամպրոպի արահետով» (1956, ռեժիսորներ` Ս. Կևորկով, Է. Քարամյան), «Պատվի համար» (1956, ռեժիսոր` Ա. Հայ–Արտյան), «Սիրտն է երգում» (1956, ռեժիսոր` Գ. Մելիք–Ավագյան), «Առաջին սիրո երգը» (1957, ռեժիսորներ` Լ. Վաղարշյան, Յու. Երզնկյան), «Անձամբ ճանաչում եմ» (1958, ռեժիսորներ` Ս. Կևորկով, Է. Քարամյան, ՀՍՍՀ պետ. մրցանակ, 1967), «Նվագախմբի տղաները» (1960, ռեժիսորներ` Հ. Մարգարյան, Հ. Մալյան), «Ծնվել են ապրելու համար» (1961, ռեժիսոր` Լ. Վաղարշյան), «Տժվժիկ» (1961, ռեժիսոր` Ա. Մանարյան): 1960–79–ին «Հ.» հասել է ստեղծագործական լուրջ հաջողությունների: Հասուն արվեստի երկեր են ստեղծել ավագ և հատկապես միջին սերնդի ռեժիսորներ Հ. Մալյանը, Ֆ. Դովլաթյանը, Լ. Վաղարշյանը, Գ. Մելիք–Ավագյանը, Յու. Երզնկյանը, Մ. Հակոբյանը, Ա. Մանարյանը և ուրիշներ: Էկրան են բարձրացել պատմական անցյալն ու մեր օրերը պատկերող մի շարք կինոնկարներ` «Բարև, ես եմ» (1965, ռեժիսոր` Ֆ. Դովլաթյան, ՀՍՍՀ պետ. մրցանակ, 1967), «Արտակարգ հանձնարարություն» (1965, ռեժիսորներ` Ս. Կևորկով, Է. Քարամյան, ՀՍՍՀ պետ. մրցանակ, 1967), «Մարտիրոս Սարյան» (1965, ռեժիսոր Լ. Վաղարշյան), «Եռանկյունի» (1967, ռեժիսոր` Հ. Մալյան, ՀՍՍՀ պետ. մրցանակ, 1975), «Կարինե» (1967, ռեժիսոր` Ա. Մանարյան), «Սարոյան եղբայրներ» (1968, ռեժիսորներ` Խ. Աբրահամյան, Ա. Հայրապետյան, ՀՍՍՀ պետ. մրցանակ, 1970), «Նռան գույնը» (1969, ռեժիսոր` Ս. Փարաջանով), «Երկունք» (1977, ռեժիսոր` Ֆ. Դովլաթյան), «Նահապետ» (1977, ռեժիսոր` Հ. Մալյան), «Արևիկ» (1978, ռեժիսորներ` Ա. Աղաբաբով, Ա. Հայրապետյան) ևն: Այս շրջանի շնորհալի կինեմատոգրաֆիստներից են` ռեժիսորներ Դ. Կեսայանը, Է. Քեոսայանը, Ա. Մկրտչյանը, Կ. Գևորգյանը, Բ. Հովհաննիսյանը, սցենարիստներ Ա. Աղա–բաբովը, Ա. Այվազյանը, Ա. Ջուրաբովը, Է. Հակոբյանը, օպերատորներ Ա. Յավուրյանը, Ս. Իսրայելյանը, Կ. Մեսյանը, Ռ. Վաթինյանը, Լ. Աթոյանցը և ուրիշներ: Տարբեր տարիներ «Հ.»–ի աշխատանքներին մասնակցել են հայ գրականության և արվեստի վարպետները` դերասաններ Հ. Ներսիսյանը, Ա. Ավետիսյանը, Վ. Վաղարշյանը, Վ. Փափազյանը, Հ. Աբելյանը, Հասմիկը, Գ. Ավետյանը, Ն. Մանուչարյանը, Գ. Ջանիբեկյանը, Դ. Մալյանը, Օ. Բունիաթյանը, Հ. Խաչանյանը, Գ. Գաբրիելյանը, Ա. Ջիգարխանյանը, Տ. Մախմուրովան, Խ. Աբրահամյանը, Ս. Սարգսյանը, Մ. Մկրտչյանը, Վ. Վարդերեսյանը, կոմպոզիտորներ Ա. Խաչատրյանը, Ա. Աաթյանը, Ա. Բաբաջանյանը, Ս. Հարությունյանը, Կ. Օրբելյանը, Է. Միրզոյանը, Է. Հովհաննիսյանը, Տ. Մանսուրյանը, նկարիչներ Մ. Արուտչյանը, Ե. Լևխանյսաը, Ս. Թարյանը, Ս. Սաֆարյանը, Ս. Արուտչյանը, Ս. Անդրանիկյանը, Ռ. Ս. Բաբայանը, Ռ. Պ. Բաբայանը, գրողներ Ա. Բակունցը, Հ. Մաթևոսյանը, սցենարիստ Գ. Չուբարը և ուրիշներ: «Հ.» ստեղծագործական և արտադրական սերտ կապեր ունի Սովետական Միության խոշորագույն կինոստուդիաների հետ: Մի շարք ֆիլմեր «Հ.»–ում նկարահանվել են ռուս, վրացի, ադրբեջանցի արվեստագետների մասնակցությամբ: «Հ.»–ի շատ ֆիլմեր համամիութենական և միջազգային կինոփառատոներում արժանացել են մրցանակների և դիպլոմների: «Հ.» տարեկան (1979) թողարկում է 4 գեղ., 3 հեռուստատեսային (կենտրոնական հեռուստատեսության պատվերով) լիամետրաժ և կարճամետրաժ ֆիլմեր, 3 մուլտֆիլմ, հայերեն կրկնօրինակում շուրջ 60 սովետական և արտասահմանյան կինոնկար: 1978–ին շահագործման է հանձնվել «Հ.»–ի ստուդիական նոր համալիրի առաջին հերթը` վարչական շենքով, նկարահանման 2 տաղավարով, արտադրամասերով և լաբորատորիաներով:

Է. Մանուկյան