Jump to content

ՀՍՀ/«ՀԱՅ ԲԱՆՎՈՐԱԿԱՆ ԿՈՄՈՒՆԻՍՏԱԿԱՆ ԻՆՔՆԱԶԱՐԳԱՑՄԱՆ ՄԻՈՒԹՅՈՒՆ»

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից

«ՀԱՅ ԲԱՆՎՈՐԱԿԱՆ ԿՈՄՈՒՆԻՍՏԱԿԱՆ ԻՆՔՆԱԶԱՐԳԱՑՄԱՆ ՄԻՈՒԹՅՈՒՆ», սփյուռքահայ աշխատավորության առաջին կոմունիստական կազմակերպությունը: Ստեղծվել է 1919–ին, Բուլղարիայի կոմունիստական (տեսնյակներ) կուսակցության ԲԿ(տ. ս.)Կ Կենտկոմի, Վ. Կոլարովի և բուլղարահայ կոմունիստների նախաձեռնությամբ: Նպատակ ուներ Հոկտեմբերյան հեղափոխությունից հետո Բուլղարիայում ծավալված հեղափոխական և կոմունիստական շարժման վերելքի պայմաններում կոմունիստական գաղափարներ տարածել բուլղարահայ աշխատավորության շրջանում և կազմակերպել նրանց հեղափոխական պայքարը: Միության աշխատանքը գլխավորում էր Ստեփան Շահբազյանը: 1919–ի հուլիսին միությունը հրապարակում է «կոչ»` ուղղված սփյուռքահայ աշխատավորությանը, որում, ելնելով լենինյան դրույթներից և Կոմինտերնի որոշումներից, կոչ էր արվում մասնակցել համաշխարհային պրոլետարիաաի հեղափոխական պայքարին, համախմբվել III Ինտերնացիոնալի շուրջը և լայն պայքար ծավալել դաշնակցության դեմ: Կոչի հեղինակները նշում էին, որ հայ ժողովրդի ազատագրումը հնարավոր է «միայն սոցիալիստական խորհրդային հանրապետության շրջանակին մեջ»: 1919–ին միության ջանքերով հայ աշխատավորների կոմունիստական խմբեր են ստեղծվել Բուլղարիայի հայաշատ քաղաքներ Պլովդիվում, Սոֆիայում, Ռուսեում և Վառնայում: 1920–ի հունվարին միությունը հրապարակում է «Շրջաբերական թիվ 1»–ը, որում վերլուծվում էր կոմունիստական խմբերի կատարած աշխատանքը, քննարկվում էին նրանց կազմակերպական ձևավորման և ամրապնդման հարցերը, մերկացվում էր դաշնակցության հակահեղափոխական և հակասովետական քաղաքականությունը: 1920–ի հուլսի 15–ին միության ուժերով հրատարակվեց «Կարմիր լուրեր» թերթը: Դա սփյուոքահայ առաջին կոմունիստական պարբերականն էր, որը հետագայում դարձավ ԲԿ (տ. ս.) Կ հայկ. օրգանը: 1920–ին ԲԿ(տ. ս.) Կ Կենտկոմի քարտուղար Վ. Կոլարովի նախաձեռնությամբ Պլովդիվում ստեղծվեց հայ աշխատավորների մեջ հեղափոխական աշխատանք կազմակերպող հատուկ մարմին` «Մամուլի կոմիտե», որը ղեկավարելու էր Բուլղարիայում գործող բոլոր հայկ. կոմունիստական խմբերի գործունեությունը: 1921–ի փետրվարին գումարվեց բուլղարահայ կոմունիստների առաջին կոնֆերանսը, որտեղ մշակվեցին կոմունիստական խմբերի աշխատանքի գաղափարական և կազմակերպական սկզբունքները: Կոնֆերանսից հետո բուլղարահայ կոմունիստական խմբերի աշխատանքների ղեկավարումը իրականացնելու էր ԲԿ(տ. ս.)Կ Կենտկոմը, իսկ խմբերի անդամները ներգրավվեցին ԲԿ(տ. ս.)Կ շարքերը:

Գրկ. Խաչատրյան Ռ. Հ., Արտասահմանի հայ կոմունիստական մամուլի պատմությունից, Ե., 1960: Ռ. Խաչատրյան