Jump to content

ՀՍՀ/«ՀԱՅ ԲԱՆՎՈՐ ՀԵՂԱՓՈԽԱԿԱՆՆԵՐԻ ԱՍՈՑԻԱՑԻԱ»

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից

«ՀԱՅ ԲԱՆՎՈՐ ՀԵՂԱՓՈԽԱԿԱՆՆԵՐԻ ԱՍՈՑԻԱՑԻԱ», Կովկասի բանվորական հեղափոխական առաջին կազմակերպություններից: Գործել է Թիֆլիսում, 1892–1895–ը: Հիմնադիր կազմում էին Ա. Խումարյանը, Ս. Խանոյանը, Ս. Տեր–Ստեփանյանը, Ս. Տեր–Սիմոնյանը, Ա. Խաժակյանը, Ս. Մարաիկյանը և ուրիշներ: «Հ. բ. հ. ա.»–ի ծրագրով նախատեսվում էր բոլոր գործարանները հանձնել բանվորներին, հողը դարձնել հանրային սեփականություն, վերացնել ազգային խտրականությունը, տալ մամուլի, խոսքի, խղճի, ժողովների ազատություն, ապագա ագատ Հայաստանում ստեղծել դեմոկրատական հանրապետություն ևն: Կազմակերպությունն ուներ ընդհատակյա ապարան, հրատարակում էր «Ազատ Հայաստան» թերթը` պրոպագանդելով սոցիալիստական գաղափարներ և ծանոթացնելով Կ. Մարքսի ուսմունքին: Կրելով նարոդնիկների և հնչակյանների ազդեցությունը` ասոցիացիան հստակ պատկերացում չուներ հեղափոխական պայքարում բանվոր դասակարգի դերի մասին: Սակայն «Հ. բ. հ. ա.» գաղափարական պայքար էր մղում դաշնակցության դեմ և մերկացնում եվրոպական դիվանագիտության խարդախությունները «Հայկական հարցում»: 1894–ին ասոցիացիան պառակտվեց երկու թևի` նացիոնալիստական, որն իր ձեռքը գցեց «Ազատ Հայաստանը», և հեղափոխական, որը Ա. Խումարյանի ղեկավարությամբ հիմք դրեց «Կռիվ» թերթին: Հեղափոխական թևը հետագա ջանքեր գործադրեց իր խմբակները ստեղծել Կարսում, Ալեքսանդրապոլում, Գանձակում, Բաքվում և այլուր: 1895–ին ցարական ոստիկանությանը հաջողվեց ջախջախել «Հ. բ. հ. ա.»: Ասոցիացիան այն անդրանիկ կազմակերպություններից էր, որ հայ իրականության մեջ հող նախապատրաստեց մարքսիստական խմբակների առաջացման համար:

Խ. Բարսեղյան