Jump to content

ՀՍՀ/«ՀԱՅ ԿԻՆ»

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից

«ՀԱՅ ԿԻՆ», կիսամյա պատկերազարդ հանդես: Լույս է տեսել 1919–32–ին, Կ. Պոլսում: Տնօրեն–խմբագիր` Հ. Մառք: Ձգտել է նպաստել հայ կնոջ բարոյական, մտավոր, ֆիզիկական և գեղագիտական զարգացմանը: Ծանոթացրել է ֆեմինիզմի առաջադրած խնդիրներին, ծագմանն ու զարգացմանը հայ իրականության մեջ: Բարձր է գնահատել ինքնակրթության և ինքնազարգացման դերը ընտանիք կազմելու և նոր սերունդ դաստիարակելու գործում (Զ. Գալեմքերյանի «Հայ կնոջ դերը իբրև կրթական ազդակ» ուսումնասիրությունը): Լուսաբանել է Կ. Պոլսի Հայ կանանց ընկերակցության գործունեությունը, ծանոթացրել հայ կնոջ կենցաղին ու նկարագրին: «Գեղարվեստի աշխարհեն», «Նշանավոր կիներ», «Կանանց աշխարհեն» բաժինները ներկայացրել են օտար և հայ անվանի արվեստագետներին, անդրադարձել տարբեր երկրների կանանց ազատագրությանը և միջազգային կազմակերպությունների գործունեությանը: Հանդեսը տպագրել է Դ. Վարուժանի, Վ. Թեքեյանի, Ե. Օտյանի, Ե. Դուրյանի, Շ. Կուրղինյանի գործերը, ծանոթացրել թուրք գրականության նմուշներին, թարգմանաբար տպագրել եվրոպական հեղինակների ստեղծագործություններ: Տեղ են գտել նաև առողջապահական խորհուրդներ, նյութեր ժամանակի նորաձևությունների, ծաղկամշակության, հայկ. խոհանոցի վերաբերյալ: Աշխատակցել են Սիպիլը, Ա. Թեոդիկը, Մ. Պերպերյանը, Զ. Պերպերյանը, Ա. Գույումջյանը և ուրիշներ: «ՀԱՅ ԿԻՆ», հայ կանանց միության ամսաթերթ: Լույս է տեսել 1947–49–ին, Փարիզում: Խմբագիր` Զ. Որբունի: Նպատակն էր` կապող օղակ լինել ֆրանսահայ գաղութի և հայրենիքի միջև, իր ընթերցողներին հաղորդակից դարձնել Սովետական Հայաստանի իրականությանը, ծանոթացնել սովետական կնոջ կյանքին ու կենցաղին, հանրապետության տնտեսության և մշակութային կյանքում նրա մասնակցությանը: Արձագանքել է հայրենադարձությանը: Լուսաբանել է հայ կանանց միության և մասնաճյուղերի աշխատանքները, էջեր նվիրել կին գրողներին ու արվեստագետներին (ԼԱՍ, Հ. Թորոսյան, Հ. Մառք, Ասլամազյան քույրեր և ուրիշներ): Գրական բաժինը ներկայացրել է հայ սովետական (Ս. Զորյան, Ս. Կապուտիկյան, Աղավնի, Հ. Պողոսյան, Ա. Խնկոյան) և սփյուռքի հեղինակների գործերը, վերլուծել Հ. Թումանյանի, Ա. Իսահակյանի, Դ. Վարուժանի, Մ. Մեծարենցի, Վ. Թեքեյանի ստեղծագործությունները: Ամսաթերթին աշխատակցել են Անայիսը, Հ. Զարդարյանը, Մ. Աթմաճյանը և ուրիշներ:

Մ. Բաբլոյան