Jump to content

ՀՍՀ/«ՀԱՅ ՀԱՆՐԱԳԻՏԱԿ»

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից

«ՀԱՅ ՀԱՆՐԱԳԻՏԱԿ», հանրագիտական տեղեկատու: Բուխարեստի «Գաղութահայ հրատարակչության» հրատարակություն: Լույս է տեսել 1938–40–ին, Բուխարեստում (միայն 1–ին հատորը, հինգ գրքով, շուրջ 15 հզ. տերմին): Խմբագիր` Մ. Պոտուրյան, աշխատակիցներ` Ա. Աբեղյան, Թ. Ազատյան, Վ. Թորգոմյան, Տոնիկևիչ, Վիեննայի և Վենետիկի Մխիթարյան միաբանության անդամներ և ուրիշներ: Կազմության սկզբունքը այբբենական հաջորդականությունն է (Ա–Ը տառերը), յուրաքանչյուր տերմինին հաջորդում է սահմանում, այնուհետև` հիմնական տեղեկություններ: Ունի դիմանկարներ, ներտեքստային լուսանկարներ, քարտեզներ, այլ պատկերներ և եզրափակվում է նույն տառերով հոդվածների հավելվածով: Պարունակում է հոդվածներ և տեղեկություններ հայ ժողովրդի պատմության, տնտեսության, աշխարհագրության, արվեստի, գրականության, պարբերական հրատարակությունների վերաբերյալ, ծանոթացնում հայ գործիչների կյանքին ու գործունեությանը: Ներկայացված են նաև օտարազգի հայագետները, օտար երկրներ ու քաղաքներ, որոնք առնչվել են հայ իրականության հետ: Լուրջ արժեք են ներկայացնում «Դավիթ Բեկ», «Դվին», «Դավիթ Անհաղթ», «Երևան» հոդվածները: