ՀՍՀ/«ՀԱՅ ՃԱՐՏԱՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՎԵՐԱԳՐԵՐ»
«ՀԱՅ ՃԱՐՏԱՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՎԵՐԱԳՐԵՐ» («Documenti di architettura Armena»), հայկական միջնադարյան ճարտարապետությանը նվիրված վավերագրերի շարք: Հրատարակման մտահղացումը` Ա. Մանուկյանի, Ա. Ալպագո Նովելլոյի և Ա. Զարյանի: Մանուկյանների նյութական օժանդակությամբ լույս է տեսնում Միլանում (հրատարակչություն` ARES)` իտալ., անգլ., հայերեն, ՀՍՍՀ ԳԱ արվեստի ինստ–ի և Միլանի պոլիտեխնիկական ինստ–ի հումանիտար գիտությունների մասնաճյուղի համագործակցությամբ: Կազմված են պատմական, ճարտ. հակիրճ տեղեկություններից, լուսանկարներից և չափագրություններից: Հրատարակման նպատակը` օտար հասարակությանը ծանոթացնել հայկ. ճարտ–յանը: Տեքստերի հեղինակներն են` Ս. Տեր–Ներսեսյանը, Ն. Տոկարսկին, Վ. Կլայսը, Հ. Սեյհունը, Ս. Մնացականյանը, Ա. Մանուկյանը, Հ. Վահրամյանը, Ա. Ալպագո Նովելլոն, Ա. Զարյանը, Է. Ազարյանը, Օ. Խալփախչյանը: «Հ. ճ. վ.»–ի առաջին համարը` «Հաղպատ»–ը, լույս է տեսել 1968–ին, հաջորդել են` «Խաչքար» (1969), «Սանահին» (1970), «Ս. Թադեի վանք» (1971), «Ամբերդ» (1972), «Գեղարդ» (1973), «Գոշավանք» (1974), «Աղթամար» (1974), «Երերույք» (1977): Շարքը շարունակվում է:
Ա. Զարյան
